Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Երևանը կամ Զանգեզուրը գրավելը զառանցանք է»


Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երևան, 12-ը փետրվարի, 2018 թ․

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Երևանում հայտարարեց, որ իր երկիրն աջակցում է Մինսկի խմբի գործընթացին:

Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն չէ հնչող տեսակետի հետ, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխել է ապրիլ, քանի որ ցանկանում է արագացնել ղարաբաղյան խնդրի լուծումը: Այսօր Բուլղարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Սարգսյանն ընդգծեց, թե չի հավատում, որ Բաքուն ցանկանում է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Միաժամանակ, պաշտոնական Երևանը չի մեկնաբանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Ալիևի որոշումը:

«Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին, կարծում եմ, որ տեղյակ են այդ երկրի ղեկավարը և մի քանի անհատներ, և դա մեր մեկնաբանելու խնդիրը չէ: Բայց այն տեսակետը, որ դուք ակնարկեցիք, չեմ կարծում, որ իրական է, որովհետև չեմ հավատում, որ հանկարծ Ադրբեջանում անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու: Նախկինում՝ նախորդ տարիներին Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին խաղաղ լուծում տալու, բայց, ցավոք, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին»,- պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության ներկայացուցչի հարցին, հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նա անուղղակիորն անդրադարձավ նաև օրերս Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում Իլհամ Ալիևի ելույթին, որում վերջինս նշել էր, թե իրենց ռազմավարական նպատակը «Ադրբեջանի պատմական տարածքներ Զանգեզուրն ու Երևանը վերադարձնելն է»: «Անկախ նրանից՝ Ադրբեջանում նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ կլինեն, դրանք կլինեն արտահերթ, թե ժամկետների մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում՝ եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից՝ բանակցությունների արդյունքների առումով: Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների մեջ և զառանցել Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»,- հայտարարեց Հայաստանի նախագահը:

Բուլղարացի պաշտոնակցի ներկայությամբ Սերժ Սարգսյանը հայտարարեց նաև, թե Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների ներքո բանակցություններն ինտենսիվացնել, լարվածությունը թուլացնել և հասնել խնդրի լուծմանը․ «Բայց, ցավոք, մեր ասածները դեռևս մնում են ցանկություններ»:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրողը պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահին ևս ղարաբաղյան խնդրի մասին հարց ուղղեց՝ ընդգծելով, թե ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախ են աղավաղվում Բուլղարիայի մոտեցումներն այս մասով: Հարցին նախ Սերժ Սարգսյանը պատասխանեց, հայտարարելով, թե շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար, քանի որ բոլոր ատյաններում այդ պետությունը միշտ սատարել է Եվրամիության դիրքորոշումը և կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը․

«Ես հասկանում եմ, թե ինչու է ձեզ մոտ այսպիսի հարց առաջացել, և կարծում եմ՝ պատճառն այն է, որ նախորդ տարվա աշնանը, երբ պարոն նախագահն Ադրբեջանում էր, Ադրբեջանի նախագահը, իբր, շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի դիրքորոշման համար, բայց ես գիտակցում եմ, որ դա պրովոկացիա է: Իրականության մեջ դա պրովոկացիա է, իսկ մենք սադրանքների չենք ենթարկվում: Մենք վստահում ենք մեր բարեկամներին և գիտենք նրանց իրական դիրքորոշումը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը Եվրամիության անդամ Բուլղարիայի նախագահին հիշեցրեց նաև անցած տարեվերջին ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած փաստաթղթի մասին, որում հշատակվում են կարգավորման երեք սկզբունքները՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում: «ԵՄ անդամ երկրները վավերացնելու են այդ համաձայնագիրը, իսկ սա նշանակում է, որ ԵՄ անդամ երկրներում այս փաստաթուղթը ստանալու է օրենքի ուժ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասաց ՀՀ նախագահը:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը որևէ կերպ չարձագանքեց Սերժ Սարգսյանի հիշատակումներին, միայն ընդգծեց, որ իրենք աջակցում են Մինսկի խմբի գործընթացին: «Բուլղարիան միշտ շատ հստակ դիրքորոշում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ․ այդ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, այսինքն՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օգնությամբ, ինչպես նաև ԵՄ-ի աջակցությամբ, և որ շատ կարևոր է՝ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ակտիվ երկխոսության միջոցով: Մի երկխոսություն, որը, կարծում ենք, ավելի քիչ պետք է հենվի զգացմունքների և ավելի շատ՝ խոհեմության վրա: Բուլղարիան որպես ԵՄ խորհրդի նախագահ, կաջակցի, որ այս դիրքորոշումն իրականացվի»,- հայտարարեց Ռումեն Ռադևը:

Հայաստանի և Բուլղարիայի նախագահներն այսօր Բաղրամյան 26-ում նախ առանձնազրույց ունեցան, ապա ընդլայնված կազմով բանակցություններ վարեցին երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Մի շարք ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրվեցին: Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռումեն Ռադևը կարևորում էին առևտրաշրջանառության ծավալների մեծացումը, որը 2017 թվականին ավելի քան 326 միլիոն դոլար է կազմել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնած Բուլղարիան առաջընթաց կարձանագրի Հայաստանի հետ վիզաների ազատականցման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG