Մատչելիության հղումներ

Զախարովա․ Ալիևի հայտարարությունը չի նպաստում լարվածության թուլացմանը


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Պաշտոնական Մոսկվան «անկեղծորեն հույս ունի», որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կգտնի իր լուծումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Երեկ երեկոյան ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի արտգործնախարարությունը ունի՞ ակնկալիքներ, որ գարնանը Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի կամ գոնե որևէ լուրջ տեղաշարժ կարձանագրվի կարգավորման գործընթացում, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նաև ասել է․ - «Ինչպես գիտեք, մենք դրան սևեռուն ուշադրություն ենք հատկացնում, իսկ ամենագլխավորը՝ ակտիվորեն մասնակցում ենք այն ամենի իրականացմանն ուղղված աշխատանքին, որ նախանշել են կողմերը»:

Մեկ այլ հարցի՝ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Երևանը, և ոչ միայն, «բուն ադրբեջանական տարածք է, և պատմական հողերը վերադարձնելը Ադրբեջանի ռազմավարական նպատակն է», Զախարովան, ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, արձագանքել է․ - «Մոսկվայում, անշուշտ, տեսել են իշխող կուսակցության համագումարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի մասին հաղորդագրությունները: Հիանալի գիտենք, որ հարևան Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Հիշատակված հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը»:

Բաքվում տարակուսանք են հայտնել Ալիևի հայտարարությանը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի արձագանքի կապակցությամբ:

«Հաշվի առնելով Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերային կապերը, ինչպես նաև բարձր մակարդակի երկխոսությունը, մենք սխալ ենք համարում նման վերաբերմունքը պետության ղեկավարի խոսքերի նկատմամբ», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, պնդելով, թե Իլհամ Ալիևի քաղաքականությունը «ծառայում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովմանը, տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը և տարածաշրջանային պոտենցիալ ռիսկերի վերացմանը»:

Հաջիևի պնդմամբ՝ իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ալիևը խոսել է «ոչ թե Ադրբեջանի պատմական հողերի վերադարձի, այլ ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադարձի մասին»:

Հայտարարելով, թե «պատմության տարբեր փուլերում, այդ թվում անցած դարի 80-ական թվականներին ադրբեջանցիները բռնի արտաքսվել են Հայաստանից զանգվածաբար», Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հարց է տվել․ - «Ինչո՞ւ ադրբեջանական ժողովրդի վերադարձը իր պատմական հողեր խաղաղության պայմաններում պետք է ինչ-որ մեկին անհանգստացնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG