Մատչելիության հղումներ

Ադրբեջանում՝ արտահերթ նախագահական ընտրություններ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ, Դավոս, 23 հունվարի, 2018թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ, Դավոս, 23 հունվարի, 2018թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է այս տարվա ապրիլի 11-ին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիր:

Այն հանրության մեծ մասի համար անակնկալ էր, մինչդեռ, ըստ ընդդիմության, քաղաքական վերնախավը պատրաստ էր զարգացումների նման տարբերակին:

«Արտահերթ» եզրույթն ինչ-որ իմաստով տարօրինակ է հնչում, քանի որ օրենքով նախատեսված կարգով այս տարվա նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին:

Անցած շաբաթ իշխող կուսակցությունը՝ «Եզի Ազերբայդժանը», Ալիևին առաջադրել է նախագահության թեկնածու: Փաստորեն, Ալիևը վճռել է վեց ամիս ավելի շուտ կազմակերպել իր առավել քան հավանական վերընտրությունը:

Եվ դա է գլխավոր հարցը՝ ի՞նչն է նախագահին ստիպում կես տարով արագացնել ընտրությունները:

Այսօր էլ Ադրբեջանի արհմիությունների 5-րդ համագումարն ընդունել է Ալիևին նախագահի թեկնածու առաջադրելու որոշում և խնդրել է նրան հավանություն տալ առաջարկին:

Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն արհմիությունների համագումարում խոսել է պետության ղեկավարին աջակցելու անհրաժեշտության մասին:

«Արհմիություններն ընտրություններում միշտ սատարել են Իլհամ Ալիևին, մենք հավատում ենք, որ դուք այս անգամ էլ ձեր խոսքը կասեք, կոչ եմ անում ձեզ ակտիվորեն մասնակցել արտահերթ ընտրություններին»,- ասել է Հասանովը:

Ալիևի մտադրության մասին հանրության մեծ մասը գուցեև չի իմացել, բայց քաղաքական շրջանակներում նկատել են որոշակի ազդակներ: Օրինակ, դեռ հունվարի 29-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է քվեատուփեր և ընտրությունների համար անհրաժեշտ սարքավորումներ, կնիքներ, գրենական պիտույքներ պատվիրելու որոշում:

Ժամկետի փոփոխությունը գուցեև ուղղակի կամ անուղղակի կապված է աշխարհում և Անդրկովկասում տեղի ունեցող զարգացումների հետ:

Կա տեսակետ նույնիսկ հայկական գործոնի մասին, քանի որ Հայաստանում ապրիլին կավարտվի խորհրդարանական-վարչապետական համակարգին անցնելու գործընթացը, իսկ Ալիևն, իբր, ցանկանում է նոր մանդատով շարունակել բանակցությունները հայկական կողմի հետ:

Մինչդեռ, ադրբեջանական ընդդիմությունը ենթադրում է, որ կես տարով ընտրություններն արագացնելու որոշումն ավելի շատ բխում է երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակից:

Առաջին անգամ 2003 թվականից ի վեր, երբ Իլհամ Ալիևը ստանձնեց իշխանությունը, ընտրությունները տեղի են ունենում ընդհանուր համակարգային և մասնավորապես տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Դա իշխանության համար որոշակի վտանգներ է ստեղծում: Ալիևի գերդաստանը ցանկանում է ընտրություններն անցկացնել՝ խուսափելով զանգվածային ընդվզումներից:

Բացի այդ, արտահերթ ընտրությունների պայմաններում թե՛ դասական ընդդիմությունը, և թե՛ ներիշխանական վերնախավում Ալիևից դժգոհ շրջանակները զրկվում են քաղաքական մանևրի հնարավորությունից:

«Հայր և որդի Ալիևներն արդեն 45 տարի են իշխում, Իլհամ Ալիևը գիտեր, որ արդար և թափանցիկ ընտրություններ պահանջող ընդդիմությունը մինչև հոկտեմբեր կկազմի ընտրությունների կեղծման դեմ պայքարի մարտավարություն, դրա համար էլ ավելի շուտ է անցկացնում քվեարկությունը: Այդպես նա կփորձի կանխել բողոքի ակցիաները և վնասազերծել ընդդիմության ճամբարից բխող վտանգը», - Turan գործակալությանն ասել է Ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլին:

Փորձագետները նշում են ևս մեկ՝ առավել տեխնիկական հանգամանք. այս ընտրություններում նախագահն ընտրվելու է արդեն 7 տարի ժամկետով, դա նշանակում է, որ եթե ընտրությունները տեղի ունենային, ինչպես նախատեսված էր, հոկտեմբերին, ապա 7 տարի անց՝ 2025 թվականի նախագահական ընտրությունները ժամկետային առումով գրեթե կհամընկնեին խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը լրացուցիչ բարդություն է երկրի համար:

«Բացի այդ, այս ապրիլին նախատեսված են Ռուսաստանի ընտրությունները, Եվրոպայի և Ամերիկայի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը կլինի, ադրբեջանական ընտրությունները կմնան ստվերում», - ասել է ReAL ընդդիմադիր շարժման ղեկավար Նատիկ Ջաֆարլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG