Մատչելիության հղումներ

Բելառուսի Գերագույն դատարանը այսօր քննում է Լապշինի բողոքը


Առաջիկա ժամերին Բելառուսի Գերագույն դատարանը դռնփակ ռեժիմով կքննի բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը: Այս մասին «Ինտերֆաքս-Զապադ» լրատվական գործակալությանը հայտնել է Բելառուսի Գերագույն դատարանի մամուլի ծառայության ղեկավար Յուլիա Լյասկովան:

Անցած դեկտեմբերին Ադրբեջանի իշխանությունների պահանջով Մինսկում ձերբակալված՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող Լապշինը ավելի վաղ բողոքարկել էր իրեն Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Մինսկի քաղաքային դատարանի որոշումը:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ այցելած Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանում մեղադրվում է այդ երկրի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար: Ադրբեջանում Լապշինին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշել է Լապշինի պաշտպան Կարինա Մոսկալենկոն, այս անգամ Բելառուսի դատական մարմինները անասելի արագ են գործում:

«Փաստաբանները գնում են դիմում հանձնելու, և նրանց արդեն դատի օրն ու ժամն են ասում․․․ Բելառուսի նախագահի վերջին ասուլիսի ընթացքում հնչած հայտարարությունների լույսի ներքո կարող էին արդեն վճիռն էլ հրապարակել», - մասնավորապես նշել է փաստաբանը, հիշեցնելով Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Լապշինի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները:

Անցած շաբաթ Բելառուսի ղեկավարը, ասուլիսի ընթացքում անդրադառնալով Լապշինի գործին, ասել էր, թե պահանջել է հնարավորինս արագ արտահանձնել բլոգերին Ադրբեջանի իրավապահներին, պնդելով, թե այդ որոշումը միանգամայն օրինական է:

«Ինչպիսի՞ հիմքեր ունենք Ադրբեջանին չարտահանձնելու համար: Ոչ մի հիմք», - ասել է Բելառուսի նախագահը, ապա հավելել, որ եթե Իսրայելը, Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն, ապա Բելառուսը կհետևի այդ պայմանավորվածությանը: «Իսրայելը, Ադրբեջանն ու Ռուսաստանը կա՛մ պայմանավորվել են, կա՛մ կպայմանավորվեն այս մարդու ճակատագրի վերաբերյալ, նրանք շատ սերտ համագործակցում են», - հայտարարել է Լուկաշենկոն:

Բլոգեր Լապշինը բացի Իսրայելից և Ռուսաստանից՝ նաև Ուկրաինայի քաղաքացի է: Նրա ճակատագրի հարցով, սակայն, հիմնականում առաջին երկու երկրներն են ակտիվություն դրսևորում՝ փորձելով կանխել նրա արտահանձնումը Ադրբեջանին:

Լապշինի պաշտպանական կողմի պնդմամբ՝ պաշտոնական Մինսկը Բաքվի պահանջը բավարարելու դեպքում կխախտի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության ստեղծման մասին համաձայնագիրը: Ըստ փաստաբան Մոսկալենկոյի՝ Միութենական պետության քաղաքացիները մյուս անդամ պետության տարածքում ունեն հավասար իրավունքներ և հավասար պարտականություններ: Ռուսաստանի Սահմանադրությունը արգելում է ռուսաստանցիների արտահանձնումը այլ երկրների, հետևաբար, փաստաբանի կարծիքով, բլոգերի արտահանձնումը Ադրբեջանին հակասում է Միութենական պետության սկզբունքներին:

Ինչպես վերլուծաբաններն են նկատում՝ մի երկրում երկրորդ երկրի պահանջով երրորդ երկիր այցելելու պատճառով ձերբակալությունը բավական հազվադեպ երևույթ է համաշխարհային պրակտիկայում:

Ուկրաինան երրորդ երկրներից չի պահանջում արտահանձնել առանց թույլտվության Ղրիմ այցելած քաղաքացիներին, իսկ, օրինակ, Իսրայելը, չնայած համապատասխան օրենքի առկայությանը, չի շտապում պատժել իր այն քաղաքացիներին, ովքեր այլ երկրների անձնագրերով այցելում են արգելված երկրներ, օրինակ՝ Իրան:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG