Մատչելիության հղումներ

Մինսկի քաղաքային դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքն ու ուժի մեջ թողել Բելառուսի դատախազության որոշումը՝ կապված նրա՝ Ադրբեջան արտահանձնման հետ:

Դատական նիստն անցել է փակ ռեժիմով, դրան մասնակցելու իրավունք չեն տվել Ռուսաստանի և Իսրայելի հյուպատոսներին՝ երեկ ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է այդ երկրների քաղաքացիություն ունեցող Լապշինը:

«Նիստի նշանակման օրը որոշվել է ռեկորդային կարճ ժամկետում: Դատարանը բողոքարկումը վարույթ է ընդունել հունվարի 24-ին, իսկ նիստը նշանակվել է 26-ին՝ ժամը 14.00-ին: Գործի նյութերը փաստաբաններին տրամադրել են դատական նիստից միայն 3 ժամ առաջ, բայց քանի որ նրանցից ստորագրություն է վերցված չհրապարակելու մասին, մենք չենք կարող իմանալ, թե ինչ է գրված այդտեղ: Մեզ հասանելի է միայն որոշակի տեղեկություն որոշումից, և այդ էլ, ինչ որ կա, բավական է հասկանալու համար, որ եթե պետք է արտահանձնել մարդուն, կարտահանձնեն», - ասված է գրառման մեջ:

40-ամյա բլոգերը շեշտում է՝ բազմաթիվ խախտումներ են թույլ տրվել, հոդվածներում անհամապատասխանություն կա, իսկ պաշտպաններից փաստացի գաղտնի են պահվում գործի մանրամասները: Նա նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նիստի ժամանակ իրեն հսկում էր 6 ոստիկան, որոնք ջանք չէին խնայում պաշտպաններին հեռու պահելու համար: Արտահանձնման որոշումը բողոքարկելու համար Բելառուսում մնաց ընդամենը մեկ ատյան՝ Գերագույն դատարանը, վերջնաժամկետն էլ փետրվարի 5-ն է: Զուգահեռ՝ Լապշինի պաշտպանները փաստաթղթերի փաթեթներ են նախապատրաստում, որ պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան և ՄԱԿ: Վերջինը, ըստ փաստաբան Սիմոն Բաբայանի, այն միակ կառույցն է, որը կարող է կանխել արտահանձնումը:

«Բելառուսը չի անդամակցում Եվրամիությանը, և հետևաբար կաշկանդված չէ այն փաստաթղթերով որոնք որ արգելում են նման գործելակերպը: Մեր դեպքում կառույցներից մեկը, որը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ Բելառուսի վրա՝ ՄԱԿ-ն է», - ասում է Բաբայանը:

ՄԱԿ-ի համար նախապատրաստվող փաթեթի բովանդակությունը Սիմոն Բաբայանը չի մանրամասնում: Լապշինին իրավական աջակցություն ցուցաբերելու համար Հայաստանի փաստաբանների պալատում կազմավորված խմբի անդամը, ընդամենը նշում է, որ բլոգերի պաշտպանների ու նաև ընտանիքի անդամների հետ մշտական կապի մեջ են, անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն են տրամադրում: Փաստաբանի կարծիքով՝ դատախազության որոշումը անփոփոխ կթողնի նաև Բելառուսի գերագույն դատարանը․ - «Այստեղ, իմ կարծիքով, խնդիրն այնքան իրավական չէ, որքան քաղաքական է»:

Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության՝ Լապշինի գործին հետևում է նաև ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը: Օմբուդսմեն Արման Թաթոյանին դիմումին ի պատասխան Միյատովիչը վստահեցրել է, որ դիմել է Բելառուսի իշխանություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելու այդ գործին, որպեսզի Լապշինի իրավաչափ լրագրողական գործունեություն իրականացնելը չսահամանափակվի: Ըստ հաղորդագրության, Միյատովիչը տեղեկացված է, որ Լապշինին Ադրբեջանում սպասվում են ծանր պատիժներ, եթե նրան Բելառուսի իշխանություններն արտահանձնեն:

Իսրայելական Haaretz պարբերականն էլ, անդրադառնալով բլոգերի գործին, այսօր գրել է՝ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երուսաղեմում հայտարարել է, որ շարունակում են համագործակցել Ռուսաստանի հետ Լապշինի արտահանձնումը կասեցնելու համար, թեև նրանք հոռետեսական են գնահատում հաջողության հասնելու հնարավորությունները: Ըստ թերթի, եթե Գերագույն դատարանը մերժի բողոքը, ապա նրան կարող են հանձնել ցանկացած պահի: «Լապշինի փաստաբանը ենթադրում է, որ ադրբեջանական ինքնաթիռը, որով իր պաշտպանյալին պետք է տանեն Բաքու, արդեն վայրեջք է կատարել Մինսկում», - իսրայելական պարբերականին ասել է պաշտոնյան, որի անունը չի նշվում:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատությանը» փոխանցեց, որ շարունակում են զբաղվել այս գործով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG