Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմն ուզում է Ղարաբաղ այցելած բլոգերի գործը նախադեպ դարձնել․ Իսրայելի ԱԳՆ պաշտոնյա


Բլոգեր Ալեքսանդր Լապշին
Բլոգեր Ալեքսանդր Լապշին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը արդեն Բելառուսի իրավապահներին ներկայացրել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու համար, հաղորդել է դատախազության խոսնակը։

Համացանցում իր տուրիստական նոթերով հայտնի Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել էր Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել:

Անցած տարեվերջին գործը նոր թափ ստացավ, երբ Բելառուսը, տեղի տալով Ադրբեջանի պահանջին, Մինսկում ձերբակալեց ու երկու ամսով ազատազրկեց Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Լապշինին:

Ընդ որում, ձերբակալությունը տեղի ունեցավ Բելառուսի նախագահի՝ Բաքու կատարած այցից շաբաթներ անց: Այցի ընթացքում Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին պարգևատրել էր Հեյդար Ալիևի անվան շքանշանով, ԵՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահն էլ խոստացել էր վաստակել Ադրբեջանի բարձրագույն այդ պարգևը կրելու պատիվը:

Իսրայելական մամուլը գրում է, թե Լապշինի արտահանձնման հարցն արդեն որոշված է, և որ Իսրայելի դիվանագիտական աղբյուրները Բաքվի հետ բանակցություններում այդպես էլ որևէ արդյունքի չեն հասել: Ավելին, բլոգերի հարազատները իսրայելական Haaretz և Jerusalem Post պարբերականներին պատմել են, թե Բելառուսի անվտանգության ուժերը հոգեբանական ու ֆիզիկական ճնշում են գործադրում նրա նկատմամբ՝ ստիպելով ստորագրել արտահանձման համաձայնագիրը:

«Օրեր առաջ կալանավայրում Բելառուսի իրավապահներն այցելել են Ալեքսանդրին, պնդել, թե որոշումը միևնույնն է՝ կայացվել է, մինչդեռ, եթե նա իր համաձայնությունը տա, Ադրբեջանից կտեղափոխվի Իսրայել», - ասել է Լապշինի կինը՝ Եկատերինա Կոպիլովան:

Իսրայելական պաշտոնական աղբյուրները պնդում են՝ իրենք նման գործարքից տեղյակ չեն: Ավելին, Բելառուսի իրավապահները մինչ օրս խոչընդոտում են Լապշինի հանդիպումը Իսրայելի հյուպատոսի հետ:

«Ադրբեջանական կողմն ուզում է Լապշինի գործը նախադեպ դարձնել», - Haaretz-ին ասել է Իսրայելի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով․ - «Այս միջադեպը կարող է լուրջ ձախողում դառնալ երկկողմ հարաբերություններում»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը պաշտոնապես խնդրել է Բելառուսի իշխանություններին Լապշինին Ադրբեջանին չարտահանձնել, սակայն Բաքվի պաշտոնյաները հստակ փոխանցել են, որ մտադիր չեն իրենց պահանջներից հրաժարվել:

«Մենք շատ լրջորեն ենք վերաբերվում այս հարցին, սակայն, այս պահի դրությամբ դեռ վիճակը լավ չէ», - օրեր առաջ ասել է Իսրայելի արտգործնախարարության պաշտոնյան՝ պնդելով, թե հրեական կողմը շատ բան չի կարողանում անել, քանի որ Բելառուսում ու Ադրբեջանում բլոգերն ընկալվում է որպես Ռուսաստանի քաղաքացի: Հաղորդվում է, որ 40-ամյա Լապշինը ծնվել է Մոսկվայում, քսան տարի առաջ Իսրայել տեղափոխվել, ծառայել այդ երկրի զինված ուժերում:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը ավելի վաղ «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, թե պաշտոնական Երևանը զբաղվում է ձերբակալված բլոգերի հարցով: Այսօր Տիգրան Բալայանը նշեց՝ ավելացնելու որևէ բան չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG