Իրանցի բարձրաստիճան ռազմական հրամանատարն այսօր սպառնացել է՝ տարածաշրջանի այն երկրները, որոնք համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, կբախվեն հակամարտության էսկալացիայի հետևանքներին:
«Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ Ալի Աբդոլահին կոչ է արել մահմեդական երկրներին վերանայել համագործակցությունը Վաշինգտոնի հետ: Նա հայտարարել է, թե իրենց Միացյալ Նահանգների «պաշտպանիչ վահան» դարձրած երկրները «կայրվեն պատերազմի կրակում», փոխանցում են իրանական լրատվամիջոցները:
Աբդոլահին մեղադրել է Միացյալ Նահանգներին իր ռազմական գործողությունների համար տարածաշրջանային երկրներին և նրանց ենթակառուցվածքներն օգտագործելու մեջ:
Գեներալի մեկնաբանությունները հնչում են Իրանի և Միացյալ Նահանգների միջև էսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին:
Տարածաշրջանային մի քանի երկրներ ուժեղացրել են նավագնացության պաշտպանության ջանքերը, մինչ ծովային առանցքային ուղիների անվտանգության հարցով մտահոգությունները շարունակում են աճել:
Թեհրանը սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված ենթակառուցվածքների վայրերին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, թե ամերիկյան ուժերը կշարունակեն հարվածել Իրանին «շատ ուժգին», մինչև իսլամական հանրապետությունն «այլևս ի վիճակի չլինի դիմանալ»:
«Մենք կհարվածենք նրանց շատ ուժեղ, և ... ինչ-որ մի պահի նրանք կասեն՝ «Մենք այլևս ի վիճակի չենք դիմանալ», - ասել է Թրամփը:
Իրանական «Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ անվտանգության մի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել է, որ Թեհրանը «համապարփակ պլան» է մշակել՝ հակազդելու «ամերիկյան պոտենցիալ անխոհեմությանը»: Ըստ «Թասնիմ»-ի՝ Թեհրանի պլանը նախատեսում է հարվածներ տարածաշրջանում Իսրայելի և ԱՄՆ-ի կենսական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտներին:
Այս մեկնաբանությունները հաջորդում են ամերիկյան մի շարք լրատվամիջոցների հաղորդումներին, որ Թրամփը հրահանգել է օդային նոր հարվածներ՝ Թեհրանին հանձնվել ստիպելու համար, և որ դա կարող է տեղի ունենալ հենց այս հանգստյան օրերին:
CBS News-ը, մասնավորապես, հաղորդել է, թե ԱՄՆ և Իսրայելի ուժերը ծրագրում են համատեղ հարվածներ նավթավերամշակման գործարաններին և էլեկտրակայաններին:
Հնգօրյա դադարից հետո ԱՄՆ-ը այս շաբաթ վերսկսել է Իրանի դեմ ռազմական գործողությունները, Թեհրանը պատասխանել է: