ԱՄՆ զինուժը նախօրեին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի ուղղությամբ արձակված մի շարք իրանական բալիստիկ հրթիռներ է խոցել։ Վաշինգտոնը դա Թեհրանի կողմից «անակնկալ հարձակման փորձ» է որակել։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ չի հստակեցվում, թե ինչ վայրեր է փորձել թիրախավորել Իրանը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ավելի ուշ հայտարարեց, որ մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանում ամերիկյան ավիաբազայի և հրամանատարական շտաբի ուղղությամբ։ Թեհրանից այս գործողությունները իրանական շահերի դեմ ԱՄՆ քայլերով են պատճառաբանել։
Ավելի վաղ Axios-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, և որ այդ հրթիռները վնասազերծվել են։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը Իրանից մի շարք բալիստիկ հրթիռներ են արձակել՝ փորձելով անակնկալ հարձակում գործել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ: Իրանական բոլոր հրթիռները հաջողությամբ վնասազերծվել են», - տեղեկացրել են Կենտրոնական հրամանատարությունից։
Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան այսօր հայտարարել է, որ իր զինուժը, ամերիկյան բանակի հետ համագործակցելով, «թիրախային հարվածներ» է հասցրել Իրաքում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներին, որոնց Էր-Ռիյադը երեկ մեղադրել էր սաուդյան նավթային օբյեկտները անօդաչուներով թիրախավորելու համար։ Թագավորությունը երեկ հայտարարել էր պատասխան հարվածներ հասցնելու իրավունքի մասին։
Իրանը հերքել է ներգրավվածությունը սաուդյան թիրախների դեմ իրականացված հարձակումներում։ IRIB պետական հեռուստառադիոալիքի կողմից մեջբերված անանուն ռազմական պաշտոնյան այսօր ասել է, որ տարածաշրջանում ԱՄՆ շահերի դեմ հարձակումները Իրանին վերագրելը «մեծագույն սխալ հաշվարկ» է։
13 գիշեր անընդմեջ շարունակված ԱՄՆ-Իրան փոխհրաձգությունը շաբաթ օրը դադարեց, երբ ամերիկյան զինուժն այլևս չհարվածեց Իրանի ռազմական թիրախներին, Թեհրանն էլ դադարեցրեց պատասխան հարվածները տարածաշրջանի ԱՄՆ դաշնակիցներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Վաշինգտոնը «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ, և հակամարտությանը վերջ դնող գործարքի հնարավորություն կա՝ միաժամանակ զգուշացնելով՝ եթե բանակցությունները ձախողվեն, Միացյալ Նահանգները կվերսկսի հարվածներն Իրանի դեմ։