Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վերսկսել է Իրանի դեմ ռազմական գործողությունները

ԱՄՆ ռազմական օդանավը՝ գիշերը Իրանին հասցված հարվածների ժամանակ - ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն, 29-ը հուլիսի, 2026թ․
ԱՄՆ ռազմական օդանավը՝ գիշերը Իրանին հասցված հարվածների ժամանակ - ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն, 29-ը հուլիսի, 2026թ․

5-օրյա դադարից հետո Միացյալ Նահանգների զինված ուժերն այս գիշեր երկու ժամ շարունակ հարվածներ են հասցրել Իրանին, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածներ են հասցրել Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տասնյակ թիրախների», - մանրամասնել են ամերիկյան զինուժից։

Ըստ տարածված հաղորդագրության՝ ԱՄՆ ուժերի թիրախում, մասնավորապես, հրամանատարական շտաբեր, հրթիռային և դրոնային օբյեկտներ, առափնյա վերահսկողության և պաշտպանության ենթակառուցվածքներ և ծովային կարողություններ են եղել։

Զինվորական կառույցից նաև նշել են՝ նախօրեին իրանական ուժերը բալիստիկ հրթիռներով «անակնկալ հարձակում» են փորձել իրականացնել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ուժերի դեմ՝ շեշտելով, որ իրանական բոլոր հրթիռները վնասազերծվել են։

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քեշմ կղզու բնակելի շենքերից մեկին ամերիկյան հարվածը երեք մարդու կյանք է խլել՝ այդ թվում 1 երեխայի։ Եվս երկու երեխա հոսպիտալացվել է։

Կղզու Չահ-Թանգու թաղամասում նաև առանձնատուն է տուժել, փրկարարական ջոկատները փլատակներում մնացած մարդկանց են որոնում, հաղորդում է IRNA պետական լրատվականը։

Հաղորդվում է, որ Թեհրանը պատասխանել է ԱՄՆ հարվածներին։ Հորդանանի զինված ուժերը հայտնել են, որ իրենց հակաօդային պաշտպանությունն առավոտյան Իրանից արձակված հինգ հրթիռ են վնասազերծել։ Դրանց թիրախում, ըստ Ամմանի, Հորդանանի տարածքն էր։

Ավելի վաղ բրիտանական Ambrey ծովային անվտանգության կազմակերպությունը հայտնել էր, որ, ըստ նախնական գնահատականի, անօդաչուն Եգիպտոսի միջերկրածովյան Դամիետա նավահանգստում գտնվող ամերիկյան գազապահեստարան տանկեր է խոցել։

Եգիպտոսի նավթի նախարարությունը հաստատել էր՝ նավահանգստում հրդեհ է բռնկվել, սակայն ԱԹՍ հարձակման մասին չէր նշվում։

«Մենք նրանց ուժգին կհարվածենք, սևները կտանք», - երեկ Թեհրանին սպառնալիք էր ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի սպառնալիքին նախորդել էր ԻՀՊԿ հայտարարությունն, ըստ որի՝ Իրանը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանում ամերիկյան ավիաբազայի և հրամանատարական շտաբի ուղղությամբ։ Թեհրանից այս գործողությունները իրանական շահերի դեմ ԱՄՆ քայլերով են պատճառաբանել։


XS
SM
MD
LG