Իրանցի բարձրաստիճան ռազմական հրամանատարն այսօր սպառնացել է՝ տարածաշրջանի այն երկրները, որոնք համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, կբախվեն հակամարտության էսկալացիայի հետևանքներին:
«Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ Ալի Աբդոլահին կոչ է արել մահմեդական երկրներին վերանայել համագործակցությունը Վաշինգտոնի հետ: Նա հայտարարել է, թե իրենց Միացյալ Նահանգների «պաշտպանիչ վահան» դարձրած երկրները «կայրվեն պատերազմի կրակում», փոխանցում են իրանական լրատվամիջոցները:
Գեներալի մեկնաբանությունները հնչում են Իրանի և Միացյալ Նահանգների միջև էսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին:
Թեհրանը սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված ենթակառուցվածքների վայրերին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, թե ամերիկյան ուժերը կշարունակեն հարվածել Իրանին «շատ ուժգին», մինչև իսլամական հանրապետությունն «այլևս ի վիճակի չլինի դիմանալ»:
Իրանական «Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ անվտանգության մի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել է, որ Թեհրանը «համապարփակ պլան» է մշակել՝ հակազդելու «ամերիկյան պոտենցիալ անխոհեմությանը»:
Հնգօրյա դադարից հետո ԱՄՆ-ը այս շաբաթ վերսկսել է Իրանի դեմ ռազմական գործողությունները, Թեհրանը պատասխանել է:
Տե՛ս նաև այստեղ