Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Բուլղարիային կոչ է արել վերանայել ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները Բեզմերի ավիաբազայում ժամանակավորապես տեղակայելու որոշումը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի պետական լրատվամիջոցներին։
Բուլղարիայի արտգործնախարար Վելիսլավա Պետրովա-Չամովայի հետ հեռախոսազրույցում Արաղչին հայտարարել է, որ Սոֆիայի որոշումը՝ թույլատրել ամերիկյան ռազմական ինքնաթիռների տեղակայումը, որոնք, ըստ Թեհրանի, կարող են օգտագործվել Իրանի դեմ գործողություններում, հավասարազոր է ագրեսիային աջակցելուն։ Նրա խոսքով՝ այդ քայլն անընդունելի է և հակասում է երկու երկրների միջև ավանդաբար բարեկամական հարաբերություններին։
Իրանը բազմիցս զգուշացրել է, որ այն երկրները, որոնք թույլ կտան իրենց տարածքն օգտագործել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների համար, կարող են «հետևանքների բախվել»։
Առանձին հեռախոսազրույցում Արաղչին Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ ընդգծել է նաև, որ Կիպրոսում գտնվող օտարերկրյա ռազմաբազաները չպետք է օգտագործվեն Իրանի դեմ։
Անցած շաբաթ Բուլղարիայի խորհրդարանը հավանություն էր տվել Բեզմերի ավիաբազայում ութ ամերիկյան KC-135 տիպի լիցքավորող ինքնաթիռների և մինչև 250 զինծառայողի ժամանակավոր տեղակայմանը։ Սոֆիան հայտարարել է, որ հարձակողական սպառազինություն չի տեղակայվելու։
Կիպրոսում տեղակայված են բրիտանական երկու ինքնիշխան ռազմաբազաներ, այդ թվում՝ Ակրոտիրիի ավիաբազան։ Մեծ Բրիտանիան պատերազմի սկզբում համաձայնել էր ԱՄՆ-ի խնդրանքին՝ պաշտպանական նպատակներով օգտագործել իր ռազմաբազաները Իրանի հրթիռային ենթակառուցվածքների դեմ գործողություններում, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ Ակրոտիրին չի ներգրավվելու այդ պայմանավորվածության շրջանակում։ Հուլիսին վարչապետ Էնդի Բերնհեմը փոխել է այդ որոշումը, ինչից հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է Լոնդոնին՝ չաջակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին։
Հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանը պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։