«Սենց երկրում ես չեմ ուզում ապրեմ». Գագիկ Ծառուկյանի բիզնեսների աշխատողները՝ անորոշության մեջ

Մոտ մեկ ամիս կալանավորված Գագիկ Ծառուկյանին պատկանող, այժմ փակված ընկերությունների աշխատակիցներն այսօր դարձյալ բողոքի ցույցի էին եկել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց վերադառնալու աշխատանքի:

Քննչական կոմիտեն, որը ընդդիմադիր ԲՀԿ առաջնորդին մեղադրում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման, հարկերից խուսափելու հոդվածներով, դեռ չի պատրաստվում բացել նրան պատկանող ընկերությունների դռները: Իրավապահները դրանք կապարակնքել են քննչական գործողություններ անցկացնելու նպատակով, սակայն թե հատկապես ինչ գործողություններ են իրականացնում արդեն մեկ ամիս է՝ չեն մանրամասնում:

Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող Արմինե Դավթյանը, որ ղեկավարում է Ծաղկաձորի ռեստորաններից մեկը, ասաց. «Հույս ունենք, որ պարոն Փաշինյանը կհասկանա հարցի լրջությունը, որ այսքան մարդ սոված-ծարավ չմնա, բոլորս ունենք աշխատանք, ընդամենը ուզում ենք գնանք մեր աշխատանքին»:

Անորոշության մեջ հայտնված աշխատողներն անցած շաբաթ էլ էին հասել կառավարություն: Այսօր նրանց ընդունած պաշտոնյան խոստացել է վաղն ընդունելության ժամ նշանակել որևէ պատասխանատուի հետ:

Արմինե Դավթյանի խոսքով, գործադիրի ներկայացուցիչները մեկ հարցի պետք է պատասխանեն. «Ողղակի մեզ ասի՝ քո հյուրանոց-ռեստորանը բացվում է ամսի 15-ին, «Մուլտի Տաբակը» բացվում է վաղվանից, «Օլիմպավանը»՝ վաղը չէ մյուս օրը: Հստակ իմանանք, որ էսքան մարդկանց էլ կարողանանք ասել՝ գործ ման գան, ման չգան: Եթե մեր հյուրանոցը չվերաբացվի, ես չեմ պատրաստվում ուրիշ տեղ աշխատեմ: Ես երկրից գնալու եմ, որովհետև սենց երկրում ես չեմ ուզում աշխատեմ»:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մարզաբազայի՝ «Օլիմպավանի» տնօրենը ևս կառավարության առջև էր: Թեև այս կառույցը բիզնես շահեր չի հետապնդում, բայց իրավապահները նաև դրա դռներն են կապարակնքել՝ անորոշության մեջ թողնելով միջազգային մրցաշարերի պատրաստվող տասնյակ մարզիկների։

Արդեն մեկ ամիս է՝ տասից ավելի մարզաձևերի ակումբների հարյուրավոր սաները պարապմունքներն անցկացնում են դրսում՝ բակերում: «Օլիմպավանի» գլխավոր տնօրեն Իշխան Սեդրակյանն անհանգիստ է՝ իրավապահներն անգամ թույլ չեն տալիս ներս մտնել ու դատարկել լողավազանները, որոնց ջուրը երկար չփոխվելու դեպքում սկսում է նեխել:

«Վնասները մեծ են, սարքավորումներ կան, որոնք սպասարկում պետք է անեին: Մեր ամենամեծ վնասը, որ չենք կարողանում երեխաներին մարզենք», - ասաց Սեդրակյանը:

ԲՀԿ առաջնորդի ունեցվածքով ու նրա թիմակիցներով իրավապահները սկսեցին հետաքրքրվել քարոզարշավի թեժ շրջանում, երբ վարչապետը հայտարարեց, որ Ծառուկյանին ու իր բնորոշմամբ՝ ընդդիմադիր եռագլուխ մաֆիայի անդամներին բանտ է նետելու, թալանածն էլ վերադարձնելու է: Միաժամանակ, վարչապետն անցած շաբաթ հայտարարել էր՝ այնպես կանեն, որ շարքային աշխատողները չտուժեն, փակված աշխատատեղերը կբացվեն: Այդ ընթացքում Ծառուկյանին պատկանող երկու ընկերության՝ «Արարատցեմենտի» ու Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարումը անցել է պետությանը։ Այսօր գործադիրը նաև կոմբինատի կառավարիչ է նշանակել, ընկերությունը վերաբացվելու մասին հայտարարություն, սակայն, դեռ չկա:

Ընդդիմությունն այսօր խորհրդարանի ամբիոնից արդեն քննադատեց Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը՝ հիշեցնելով, որ Ծառուկյանի ԲՀԿ-ն մի քանի տասնյակ ձայների պակասով չանցավ խորհրդարան, մինչդեռ ԿԸՀ-ն վերաքվեարկություն չնշանակեց մի շարք վիճելի տեղամասերում։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը Փաշինյանին ու նրա թիմին մեղադրեց Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու, նրա ստացած քվեները փոշիացնելու համար:

Երևանի քաղաքապետարանը շաբաթներ առաջ խզել էր Ծառուկյանի «Մուլտի Վելնես» առողջարանային համալիրի վարձակալության պայմանագիրը: Անցած շաբաթավերջին էլ արդեն քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ այն վերաբացվել է նոր անունով և կլինի մայրաքաղաքային իշխանությունների վերահսկողության ներքո։

Քաղաքապետարանից չեն մանրամասնում, թե որո՞նք են այս փոփոխության հիմքերը և արդյո՞ք պայմանագրում կան նման դրույթներ: «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել թե՛ այդ հիմքերի, թե՛ այս պահին համալիրի եկամուտները տնօրինելու օրինականության, ինչպես նաև գործարարին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:

«Մուլտի վելնեսի» վերաբերյալ քաղաքապետարանի որոշումը Ծառուկյանի փաստաբանները կվիճարկեն դատարանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառուկյանի «Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են վերաբացել ընկերությունները«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի կառավարիչ է նշանակվել Գարիկ Բոշյան«Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է, դարձել «Երևան Վելնես»«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը և պահպանմանը«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Ծառուկյանի արձագանքը ՓաշինյանինԾառուկյանի ընկերությունների տասնյակ աշխատակիցներ հավաքվել են Կառավարության շենքի առջև