Կալանավորված Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցներն այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում, խնդրում իրենց հարցերի պատասխանները ստանալ. «երբ կբացվեն աշխատատեղերը, երբ բանկային հաշիվներից կալանքները կհանվեն և ով է վարձատրելու հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին»:
Ակցիա իրականացնողները հանդիպել են դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչություն պետ Համլետ Նազարյանի հետ: Ըստ հանդիպման մասնակիցների՝ իրենց բարձրացրած հարցերը կքննարկվի ու օրվա ընթացքում պատասխան կստանան:
«Մեր ակցիաները շարունակելու ենք այնքան, մինչև բացվեն ընկերությունները»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի կոմերցիոն տնօրենն ասաց՝ մամուլից տեղեկացել են, որ ընկերությունն անցել է պետությանը, սակայն իրենք տեղեկատվություն չեն ստացել հետագա գործողությունների վերաբերյալ, թե երբ է վերաբացվելու գործարանը:
Գործարանից մեկ այլ աշխատակից ասաց.- «Խնդրում ենք, պահանջում կառավարությունից օր առաջ դադարեցվի այս գործազրկությունը, վերաբացվի գործարանը, մարդիկ անցնեն բնականոն աշխատանքի: Մեզ ոչինչ չեն ասել, չգիտենք՝ հետագան ինչ է լինելու»:
Օլիմպավան սպորտային համալիրի ներկայացուցիչն էլ լրագրողների հետ զրույցում նշեց. «Կեսը դրսում են մարզվում, կեսը բակում, թույլ տան աշխատի, մեր հավաքականները մարզվեն, մինչև հարցի լուծումը գտնվի»:
Այս սպորտային համալիրը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մարզաբազան է: Օլիմպավանի դռներն իրավապահները կապարակնքեցին գործարար Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու օրը: Թե երբ են բացելու դռները, ոչինչ հայտնի չէ:
Նախորդ շաբաթ հաղորդվեց, որ Կալանավորված Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը:
Գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր նաև, որ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն ու պահպանումն անցել է գործադիրին: Ըստ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեն նման որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում: