Գլխավոր դատախազությունը հայտարարում է՝ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն ու պահպանումն անցել է գործադիրին: Ըստ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեն նման որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում:
«Արարատցեմենտ»-ի հնարավոր պետականացումը նախընտրական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թերևս հիմնական թեզերից էր: Մինչ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխության հասնելու մասին հայտարարելով քարոզարշավ էր իրականացնում, վարչապետ Փաշինյանն ուղիղ սպառնում էր՝ Ծառուկյանը կզրկվի ազատությունից և իր կարողություններից:
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ից կալանավորված է, նրա ընտանիքին պատկանող խոշոր ընկերությունները կապարակնքված են, հազարավոր աշխատակիցներ արդեն 11 օր է պարապուրդի են մատնված, շատերը պնդում են՝ նույնիսկ աշխատավարձ դեռ չեն ստացել:
ԲՀԿ առաջնորդին պատկանող ամենախոշոր ակտիվներից «Արարատցեմենտ»-ը ևս այդ ընկերությունների շարքում էր, թեև կառավարության միջամտությամբ գործարանի աշխատանքները վերսկսելու որոշում կայացրին: Վարչապետ Փաշինյանն անցած շաբաթ հայտարարեց՝ 2022-ին մասնավորեցված գործարանը շուտով դարձյալ պետությանը կպատկանի. «Շուտով լինելու է պետական, նշանակվելու է նույն ընթացակարգով կառավարիչ»:
Գլխավոր դատախազությունն ընտրություններից առաջ հայտարարեց, թե ընկերության մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերել և կառավարությանն առաջարկեց քննարկել ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը՝ խախտումների հետևանքները վերացնելու համար: Գրությունից շուրջ 2.5 ամիս անց Հակակոռուպցիոն կոմիտեն որոշել է բավարարել Գլխավոր դատախազության միջնորդությունն ու Արարատի ցեմենտի գործարանը «հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը»:
Թե ե՞րբ գործադիրն այս ընկերությունում ժամանակավոր կառավարիչ կնշանակի, ու՞մ և իրավական ի՞նչ հիմքերով, պարզ չէ. Հակակոռուպցիոն դատարանի որոշումն առայժմ չեն հրապարակել:
Կալանավորված Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը պնդում է՝ որոշման մասին իրենց չեն տեղեկացրել ու այն չեն տրամադրել. «Այս ամենն ուղիղ վկայությունն է այն բանի, որ նախքան քաղաքական իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները նման գործընթացներ անելու կարիք չկար, հայտարարություններից հետո հանկարծ ամբողջ իրավապահ համակարգը արթնանում է և պարզվում է, որ զուտ իրավական առումով նման գործընթացներ պետք է կատարվեին։ Օրենքի և իրավունքի մասին խոսելն ուղղակի ավելորդ է…»
Ապօրինի գույքի բռնագանձման այս գործը Հակակոռուպցիոն դատարանը քննում է 2023 թվականից, գործի բուն քննությունը դեռ շարունակվում է: Իրավապահները պահանջում են Գագիկ Ծառուկյանից բռնագանձել նաև 75 անշարժ գույք, ավելի քան 40 ավտոմեքենա, շուրջ 40 ընկերության բաժնեմասեր և շուրջ 290 միլիոն դոլարի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ:
Դատախազությունը պնդում է՝ «Արարատցեմենտ»-ի գործարանը ապօրինի շահագործել է ընդերքը
Գլխավոր դատախազությունն այսօր Արարատի ցեմենտի գործարանի վերաբերյալ մեկ այլ գրություն էլ տարածեց՝ պնդելով, թե ընկերությունն ապօրինի շահագործել է ընդերքը. դատախազնը հաղորդում է ներկայացրել Քննչական մարմին:
Արարատի ցեմենտի գործարանը կառավարությունը 2002 թվականին վաճառել է 200 հազար դոլարով, այնինչ, գործադիրն այն ժամանակ ընկերության արժեքը 5.5 միլիոն դոլար էր գնահատում:
Կապարակնքված են Ծառուկյաններին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ: Չնայած վարչապետ Փաշինյանի հավաստիացումներին, թե հաշվի կառնեն նաև աշխատակիցների շահը, հազարավոր մարդիկ, դեռ սպասում են, թե ե՞րբ կկարողանան աշխատանքի վերադառնալ:
Այս հարցի պատասխանը ստանալու համար նրանք անցած շաբաթավերջից բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ անձամբ վարչապետ Փաշինյանից խնդրելով թույլ տալ աշխատել:
Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները կապարակնքվել են գույքագրելու ու վարութային գործողություններ իրականացնելու համար. ՔԿ
Իրավապահները, սակայն, շատ փակագծեր չեն բացում. «Ազատության» գրավոր հարցերին ի պատասխան Քննչական կոմիտեն միայն հայտնել է՝ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները կապարակնքվել են գույքագրելու ու վարութային գործողություններ իրականացնելու համար: Ի՞նչ են գույքագրում մասնավոր ընկերություններում, ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունը մանրամասներ չի ներկայացրել:
Ի՞նչ են փնտրում ընկերություններում, ե՞րբ կհեռացնեն կապարակնիքները, Քննչականը մեր այս հարցերն անպատասխան է թողել:
Իրավապահները հայտնում են, թե Գագիկ Ծառուկյանի ու նրան պատկանող ընկերություններին փոխկապակցված մի խումբ անձանց դեմ առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման ու հարկեր չվճարելու հատկանիշներով ավելի քան 10 վարույթ են նախաձեռնել, որոնց շրջանակում խուզարկություններ են կատարել ավելի քան 70 հասցեներում:
ՔԿ-ից հավելում են, որ կալանավորված է ոչ միայն գործարար Գագիկ Ծառուկյանը, այլև «հանցավոր խմբի մի շարք անդամներ», թե քանի հոգի, Քննչականը չի հայտնում:
«Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքը անցել է Երևանի քաղաքապետարանին. Ավինյան
Այսօր Factor TV-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հաստատեց՝ Ծառուկյաններին պատկանող և այժմ կապարակնքված մեկ այլ խոշոր ընկերություն՝ «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքը անցել է քաղաքապետարանին: Քաղաքապետարանը պնդում է՝ «Օղակաձև» զբոսայգում գտնվող շինությունը խախտումներով են կառուցել:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ շինությունը կշարունակեն որպես մարզասրահ օգտագործել, ասում է՝ մարզվողների իրավունքները կպաշտպանեն: Երևանի քաղաքապետը հայտարարում է, թե աշխատակիցներն էլ գործը չեն կորցնի:
Այսպիսի հավաստիացումներ է տալիս մի պաշտոնյա, որը քարոզարշավի ընթացքում վստահեցնում էր՝ վարչապետի հետ բանավիճած բժիշկ Արփինե Սողոյանին քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից չեն հեռացնի: Զեյթունի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի ղեկավարն օրերս տնօրենի ծանուցումն է ստացել՝ իր հաստիքը կրճատում են: Ավինյանը պնդում է՝ օպտիմալացման ճիշտ, տեղին որոշում էր: