Առավոտից բողոքի ակցիա են իրականացնում գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տաբակ» ընկերության աշխատակիցները՝ պահանջելով պատասխաններ, թե երբ իրավապահները կհեռացնեն կապարակնիքը։
Աշխատակիցները պատմում են, որ շուկայական խնդիրներով պայմանավորված իրենք մինչ այս էլ 3 ամիս պարապուրդի մեջ էին, սակայն ամեն ամիս աշխատավարձ ստացել են, այժմ հունիսի գումարը պետք է փոխանցեն, սակայն դեռ չեն ստացել։ Կանայք նեղստրում են՝ ընտանիքների ֆինանսական բեռն իրենց ուսերին է ու չգիտեն ինչ անել։
Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ արդեն ուղիղ մեկ շաբաթ է՝ չեն աշխատում, աշխատակիցներն, ըստ էության, հարկադիր պարապուրդի մեջ են: Նախօրեին էլ «Մուլտի Սթոուն» ընկերության աշխատակիցները, «Արարատի» կոնյակի, գինու և օղու կոմբինատի, «Փարավոն» ռեստորանի, ինչպես նաև «Մուլտի Գրանդ» հյուրանոցի աշխտակիցները ակցիաներ իրականցրեցին՝ պահանջելով թույլ տալ վերսկսել աշխատանքը:
Անցած շաբաթ կանգնել էր նաև Արարատի ցեմենտի գործարանի արտադրությունը, սակայն աշխատակիցների բողոքի ակցիայից հետո կառավարության միջամտությամբ թույլատրեցին վերսկսել աշխատանքը:
Արդեն մեկ շաբաթ է՝ կապարակնքել են նաև «Օլիմպավան»-ի, «Մուլտի Ուելնեսս» կենտրոնի դռները, որոնց աշխատակիցներն ու մարզվողներն անցած շաբաթավերջին բողոքի ցույցեր կազմակերպեցին: Իրավապահները կապարակնքել ու դադարեցրել են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դռներն ու աշխատանքը: