Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հարցին ի պատասխան բացառեց այսօր վարչապետի հետ վիճած կնոջն այդ պատճառով աշխատանքից ազատելը:
«Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից։ Մանավանդ որ խոսքը գնում է կնոջ մասին, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ», - ասաց Ավինյանը:
«Բայց դա չի նշանակում, որ մենք պատասխան չենք տալու, բայց դա նաև չի նշանակում, որ մարդը աշխատանքից ազատվելու է կամ նման վտանգ կա։ Ես երաշխավորում եմ, որ նման բան հնարավոր չի»։, - հայտարարեց քաղաքապետը:
Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցած կինն ասաց. - «Դուք գողացել եք իմ հայրենիքը, մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը, Դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել....»:
Մթնոլորտը լարվեց, վարչապետը մասնավորապես հայտարարեց. - «Եթե Դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու է, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու, Սերժին էլ, Գագոյին էլ: ՀՀ քաղաքացուն Ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել»:
«Հրապարակ»-ը գրեց, որ այդ կինը Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է, և իրենց տեղեկություններով՝ պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է նրան ասել, որ աշխատանքից ազատման դիմում գրի, կինն էլ հրաժարվել է։