Քարոզարշավին վարչապետի հետ թունդ բանավեճից երկու ամիս անց աշխատանքն է կորցնում Զեյթունի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի ղեկավարը: Արփինե Սողոյանն այսօր է ստացել տնօրենի ծանուցումը:
«Եթե լիներ առանց 20 թվի իրադարձությունների, գուցե ավելի ծանր կտանեի, բայց հիմա ինձ մոտ էդ հատվածը բթացել է հայրենիքի կորստով: Աշխատանքի հետ կապված գրեթե ոչինչ, դատարկություն», - ասաց նա:
«Քանաքեռ-Զեյթուն» առողջության կենտրոնի 21 տարվա գինեկոլոգը քարոզարշավի ընթացքում Փաշինյանին էր հանդիպել, հարցրել 2020-ի պատերազմի ժամանակ անհետ կորած եղբոր ու մյուսների մասին, քննադատել վարչապետին:
Փաշինյանը դուրս էր եկել հունից, բժշկուհուն փորձել նույնացնել ընդդիմադիր գործիչների հետ: Մթնոլորտը թեժացել էր:
Բժշկուհի Սողոյանը, սակայն, հենց իր ընդդիմադիր հայացքներով ու Փաշինյանի հետ հանդիպմամբ է պայմանավորում այսօրվա ծանուցումը. «Մի քանի անգամ եղել էր էդ բանը, կիսակատակով ասել եմ՝ դե չեմ գրում, ուզում եք հանեք: Բայց դե ծանուցումն այսօր պաշտոնապես ստացանք»:
Այս միջադեպից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը շտապել էր բացառել, թե քաղաքական հայացքներով պայմանավորված աշխատանքից կազատեն բժշկուհուն: Ավինյանի այս հայտարարությունից երկու ամիս անց, սակայն, Երևանի քաղաքապետարանի կրճատումների տակ ընկավ հենց ընդդիմադիր հայացքներով մասնագետը:
Մամուլի ծառայությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ կրճատումներն առողջության պարտադիր ապահովագրության շրջանակում են. Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում տեղի են ունեցել հաստիքների կրճատումներ, այդ թվում՝ գինեկոլոգների։ Եվ որ հավելյալ պահպանված հաստիքները առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ, այդ թվում՝ բաժնի վարիչ հասկացությունը, իսկ դա ֆինանսական փոխհատուցման ենթակա չէ։ Հայտնում են՝ այս գործընթացը սկսվել է հունվարից:
Մինչ Ավինյանի ղեկավարած կառույցում ընդգծում են՝ բուժական գծով փոխտնօրենները ունակ են լուծելու բուժառուի ցանկացած հարց, Սողոյանը ցույց է տալիս այսօրվա ծանուցումն ու ընդգծում՝ այս պատճառաբանությունը տրամաբանական չէ:
Ըստ դրա, բազմամյա բժշկին այլ աշխատանք չեն կարող առաջարկել՝ ելնելով նրա առողջական վիճակից: Սողոյանը, որ պնդում է՝ առողջական խնդիրներ չունի և երբեք չի բացակայել գործից՝ հիվանդության պատճառով, տարակուսած է՝ ինչո՞ւ են կրճատում հաստիքները, եթե պոլիկլինիկա դիմողների թիվը չի կրճատվել: Պարզապես նրանց մի մասն արդեն սպասարկվում է ոչ թե պետպատվերի, այլ համընդհանուր ապահովագրության շրջանակում, իսկ դրանից բժիշկների ծանրաբեռնվածությունը ոչ թե պակասել է, այլ՝ ավելացել: Սողոյանի կրճատումից հետո ավելի քան 10 հազար կանանց այսուհետ կսպասարկի երեք բժիշկ:
«Քանաքեռ-Զեյթուն» առողջության կենտրոնի ղեկավար Վարդան Հակոբյանը, որն այսօր ուղարկել է Սողոյանի ծանուցումը, «Ազատության» հարցերին չցանկացավ պատասխանել՝ ասաց՝ վերադասից՝ քաղաքապետարանից թույլտվություն չունի:
Արփինե Սողոյանը հարցն այսպես չի թողնի՝ աշխատանքից ազատման հրամանը կբողոքարկի դատարանում: