«Թրամփի ուղու» նախագծում բազմաթիվ նյուանսներ կան, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին, այսօր Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի հետ առանձնազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ չհստակեցնելով, սակայն, թե կոնկրետ ինչ նկատի ունի:
«Մենք նաև ներկայումս շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ TRIPP երկաթուղու իրականացման և կառուցման վերաբերյալ, և դրանք իսկապես ներկայացնում են նշանակալի և իմաստալից փոփոխություններ մեր տարածաշրջանում։ Եվ այստեղ կան բազմաթիվ նրբերանգներ Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերություններին առնչվող, և այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անցած շաբաթ Մոսկվայից հայտարարել էին, թե առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն ասել էր, որ ռուսական հնարավոր մասնակցության համար կան բավարար հիմքեր: Ռուսաստանցի պաշտոնյան շեշտել էր, որ Հայաստանում գործող երկաթուղին ռուսական ընկերությունն է կառավարում:
«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը: Ճանապարհը մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով», - ասել էր նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ TRIPP նախագծում Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջՆույն օրն էլ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պնդել էր, որ «Թրամփի ուղու» նախագծում ռուսների հետ նրանց մասնակցության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։
Լոգիստիկ հարցերին այսօրվա հանդիպմանը նաև Ռուսաստանի նախագահն է անդրադարձել, բայց դարձյալ առանց կոնկրետությունների. «Մեր վերջին հանդիպման ժամանակ Դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել։ Ես նկատի ունեմ հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք բացում են Հայաստանի սահմանները»։
Հայաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ հասունացել է Հայաստանի մի քանի այլ երկաթուղային հատվածների վերաբացման օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է, որ խոսքը Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների մասին է։
«Եվ, ինչպես մենք քննարկեցինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Եվ սա արդեն տեղի է ունեցել, քանի որ գնացքները արդեն իսկ Ռուսաստանից գալիս են Հայաստան՝ Ադրբեջանով, ինչը, կարծում եմ, պատմական իրադարձություն է։ Եվ ինչպես Դուք արդեն ասացիք, նոր հնարավորություններ են բացվում, և արդեն հասունացել է մեր երկրի մի քանի այլ երկաթուղային հատվածների վերաբացման օրակարգը»,- ասել է Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը ևս 132 վագոն ցորեն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովՓաշինյանը շեշտել է, որ երկաթուղու՝ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների վերաբացման վերաբերյալ քաղաքական որոշում դեռ չկա, բայց ըստ նրա՝ «իրավիճակը հասունացել է այն աստիճանի, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»։