Շոյգուն Հայաստանի իշխանությանը մեղադրում է Ռուսաստանի հետ կապերը խզելու ձգտման մեջ

ՌԴ ԱԽ քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղեգիծ են որդեգրել, ակնհայտ է ՆԱՏՕ-ի հետ փոխգործողությունն ընդլայնելու Երևանի ձգտումը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Առավել ցուցադրական իրավիճակ է ստեղծվել Հայաստանի հետ: Հիշեցնեմ, որ 90-ականներին Ռուսաստանը փրկեց այդ երկիրը տնտեսական և էներգետիկ կոլապսից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության տասը տարիներին նրա տնտեսությունն աճել է գրեթե եռակի: Ընդ որում՝ ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ կապերի խզման և Արևմուտքի հետ համագործակցության ամրապնդման ուղեգիծ են որդեգրել», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Շոյգուն գիտական-փորձագիտական խորհրդի նախագահության անդամների խորհրդակցության ժամանակ:

«Ակնհայտ է ՆԱՏՕ-ի հետ փոխգործողության ընդլայնման Երևանի ձգտումը և բացահայտ սպառողական վերաբերմունքը տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների, նախ և առաջ՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ», - նշել է ՌԴ ԱԽ քարտուղարը:

ТАСС գործակալության փոխանցմամբ էլ՝ Շոյգուն պնդել է, թե Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի ներքին գործերին, ԱՄՆ-ը և Եվրոպան շահագրգռված են «Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի դիրքերի առավելագույնս թուլացմամբ և իրենց կանոնների հաստատմամբ»:

Ռուսաստանը «չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլ այդ ուղղությամբ օբյեկտիվ հետևանքներ ունի», - ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահը հստակ արտահայտել է Մոսկվայի վերաբերմունքը. - «Երևանը պետք է կողմնորոշվի իր կուրսի հարցում և հանրաքվե անցկացնի ԵՄ մտնելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով»:

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պնդեց, որ ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը գործնականում համարժեք է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարության, քանի որ անհնար կլինի միաժամանակ երկու կազմակերպության անդամ լինել։ Պուտինը հերթական անգամ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անել:

Փաշինյանն էլ հերթական անգամ պնդեց, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունը և ԵՄ ինտեգրման գործընթացը, քանի դեռ այն հնարավոր է:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է այդ ռազմական դաշինքի աշխատանքները։

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։

Մոտ մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե շատ գոհ կլինի, եթե Հայաստանը հեռացնեն ՀԱՊԿ-ից:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լավրով. «Ռուսաստանը մտադիր չէ վճարել Հայաստանի եվրոպական ինտեգրման համար» Հայաստանի բողոքի հարցով ԵՏՀ-ում որոշման համար կոնսենսուս է անհրաժեշտ. ՊապոյանՊուտինը և Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն «Հայաստանի զարգացման ուղին և հնարավոր հանրաքվեն» ԵՄ-ն կխաբի Հայաստանին ինտեգրման հետ կապված ակնկալիքներում. Օվերչուկ ՌԴ-ից դարձյալ խոսում են ԵԱՏՄ արտոնություններից, Փաշինյանը՝ ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիայից Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո որևէ կնճռոտ հարցի լուծման մասին չհայտարարվեցՊուտինը Փաշինյանին դարձյալ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անելՊուտին․ «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»Փաշինյանը պնդում է՝ «շատ գոհ կլինեմ», եթե Հայաստանը հեռացնեն ՀԱՊԿ-ից. Կրեմլից արձագանքում ենԿրեմլից հայտարարում են՝ եթե ՀԱՊԿ-ի անդամակցությունն այլևս անհրաժեշտ չէ, Երևանն ազատ է դուրս գալուՌազմավարական դաշինքից՝ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում