Մատչելիության հղումներ

ՌԴ-ից դարձյալ խոսում են ԵԱՏՄ արտոնություններից, Փաշինյանը՝ ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիայից

ՌԴփոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ
ՌԴփոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը Երևանի որոշելիքն է և նրա ինքնիշխան իրավունքը, այս հարցի շուրջ Մոսկվայի հետ որևէ շփում չկա, ինչպես տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ»-ը, այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է,- ասել է նա:

Օվերչուկը նաև նշել է, որ այդ դեպքում Ռուսաստանն էլ իրավունք ունի որոշելու, թե ինչ արտոնություններ կկորցնի Հայաստանը ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի դեպքում։ «Իսկ մեր իրավունքն է լուծել հարցերը կապված այն արտոնությունների հետ, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ին մերձենալու դեպքում»,- ասել է Օվերչուկը:

Այսօր կառավարության նիստում խոսելով տնտեսությունից՝ վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ եթե նույնիսկ հենց այսօր ԵԱՏՄ շրջանակում բոլոր խնդիրները վերանան, դիվերսիֆիկացիան պետք է դառնա Հայաստանի ռազմավարությունը:

«Չպետք է շեղվենք այդ ուղղությունից», - ընդգծեց Հայաստանի ղեկավարը:

ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը մայիսից սահմանափակումներ է կիրառում հայկական գյուղմթերքի ու խմիչքների նկատմամբ, նաև արգելել դրանց տարանցումը ԵԱՏՄ տարածքով:

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը գործնականում համարժեք է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարության, քանի որ անհնար կլինի միաժամանակ երկու կազմակերպության անդամ լինել։ Պուտինը դարձյալ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անել:

Սակայն վարչապետ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը պնդեց, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունը և ԵՄ ինտեգրման գործընթացը քանի դեռ այն հնարավոր է:

Հայաստանը վերջերս հայտարարել է ԵՄ-ի հետ ինտեգրման իր հանձնառության մասին։ 2025 թվականի մարտի 26-ին Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով մեկնարկեց երկրի ԵՄ-ին անդամակցության գործընթացը։

Արևելյան տնտեսական ֆորումը տեղի է ունենում սեպտեմբերի 1-4-ը Վլադիվոստոկում՝ Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի տարածքում։ 2026 թվականին Արևելյան տնտեսական ֆորումի գլխավոր թեման է «Հեռավոր Արևելք. զարգացում մարդկանց օգտին»։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG