Մատչելիության հղումներ

Կրեմլից հայտարարում են՝ եթե ՀԱՊԿ-ի անդամակցությունն այլևս անհրաժեշտ չէ, Երևանն ազատ է դուրս գալու

Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), եթե Երևանին այլևս անհրաժեշտ չէ այդ կազմակերպությանն անդամակցությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Երևանը գոհ կլիներ, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից։

Պեսկովը նշել է, որ դժվարանում է հասկանալ, թե ինչ է նշանակում՝ «գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին»։

«Եթե Երևանը, ելնելով իր ազգային շահերից, այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման համար այդքան կարևոր կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այդ կազմակերպությունից։ Մինչև այժմ մենք տարբեր մակարդակներում Հայաստանի ներկայացուցիչների հայտարարություններ ենք լսել, որ անդամակցությունը սառեցված է, սակայն Հայաստանն առայժմ դուրս գալ չի նախատեսում։ Առնվազն մինչև այժմ նման հայտարարություններ ենք լսել», - եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը։

Կրմելի խոսնակը վերահաստատել է, որ այս պահին չկա որևէ պաշտոնական ծանուցում կամ փաստաթուղթ, որը կհաստատի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագրերը։

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։


XS
SM
MD
LG