Մատչելիության հղումներ

Փաշինյանը պնդում է՝ «շատ գոհ կլինեմ», եթե Հայաստանը հեռացնեն ՀԱՊԿ-ից. Կրեմլից արձագանքում են

Մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, կազմակերպության կանոնադրությունն էլ նախատեսում է նման բան, որ կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից: Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից: Համենայնդեպս մեզ կազատեն դուրս գալ-չգալու երկընտրանքից», - ասաց Փաշինյանը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտարարեց՝ Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե Երևանին այլևս անհրաժեշտ չէ այդ կազմակերպությանն անդամակցությունը:

Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը նշել է, որ դժվարանում է հասկանալ, թե ինչ է նշանակում՝ «գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին»։

Ռուսաստանը ակտիվացրել է ՀԱՊԿ-ի հարցով Հայաստանի նկատմամբ ճնշումը՝ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների շուրթերով պարբերաբար հիշեցնելով Երևանին, որ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն:

Փոխարտգործնախարար Գալուզինի զգուշացումներից հետո օգոստոսի կեսին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովն է հայտարարել, թե չնայած Հայաստանը համարվում է դաշնակից՝ այդ կառույցին Երևանի հետագա մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում:

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG