Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ծրագիրը պատրաստ է, սակայն ընտրություններից մեկ ամիս առաջ էլ անհայտ է, թե ով է Ծառուկյանի վարչապետի թեկնածուն: Գագիկ Ծառուկյանը թեև առաջնորդում է նախընտրական ցուցակը, սակայն հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում:
Այսօր էլ ԲՀԿ քաղաքական թիմի անդամները, ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը, վարչապետի թեկնածուի մասով փակագծեր չբացեցին: Ո՞րն է պատճառը, Գագիկ Ծառուկյանը չի՞ կողմնորոշվում իր վարչապետի մի քանի թեկնածուների ընտրության հարցում, թե՞ կաշկանդող այլ հանգամանք էլ կա, Իվետա Տոնոյանն ասաց. «Հարմար և պատեհ պահի Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը: Այս մասով ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ շուտով՝ առաջիկա օրերին, դուք կլսեք վարչապետի մեր թեկնածուի անունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ծառուկյանը վարչապետի պաշտոն չի ուզում, բայց 3 թեկնածու ունի՝ «մեկը մեկից ուժեղ ու գրագետ»Ծառուկյանի թիմն այսօր հայտարարեց, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցում են «երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան» կարգախոսով, պնդելով, որ առանց արտաքին երաշխավորների և վերահսկման մեխանիզմների ցանկացած համաձայնություն խոցելի է:
ԲՀԿ-ն միաժամանակ պնդում է, թե մտադիր չեն վերաբանակցել խաղաղության պայմանագրի տեքստը կամ հրաժարվել միջազգային պայմանավորվածություններից, ինչի մեջ իրենց մեղադրում է իշխանությունը:
Իսկ ինչպե՞ս է Ծառուկյանի թիմը իշխանության գալու դեպքում համոզելու Ադրբեջանին ընդունել երաշխավորների միջազգային ինստիտուտը, ինչից Բաքուն մշտապես հրաժարվել է, ԲՀԿ-ի հետ ընտրություններին մասնակցող «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն «Ազատության» այս հարցին ի պատասխան՝ ասաց, թե Ադրբեջանը ամենակարող չէ, որպեսզի տարածաշրջանային և միջազգային միտումները անտեսի, իսկ միջնորդների դերում կարող են հանդես գալ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եվրամիությունը, հնարավոր են նաև այլ դերակատարներ:
«Բավարար է, որ Հայաստանում լինի իշխանություն, որը մի քիչ սկզբունքային քաղաքականություն վարի, կարմիր գծեր ունենա, որպեսզի մեր այս շատ իրատեսական թեզը դառնա իրականություն», - ասաց Սուրենյանցը:
Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանը, ով նույնպես ընդգրկվել է ԲՀԿ նախընտրական ցուցակում, կարծում է, որ ընդդիմության հաղթանակի պարագայում պետք է տեղի ունենա ներքին աուդիտ, որը կուսումնասիրի ինչպես Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթղթերը, այնպես էլ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ըստ նախկին արտգործնախարարի՝ եթե աուդիտի արդյունքում բացահայտվի, որ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կողմերի իրավահավասարությունը երաշխավորված է, ապա որևէ խնդիր չկա:
«Բայց եթե փաստաթղթերում և պայմանավորվածություններում առկա է անհամաչափություն և կողմերի պարտականությունների ոչ փոխադարձություն, դա անխուսափելիորեն կարող է բերել լարվածության ծագմանը, հետևաբար միջազգային պրակտիկայում ընդունված է, որ իրավիճակի փոփոխության կամ նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում չստորագրված պայմանագրերը կարող են կատարելագործվել», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«ԴՈԳԸ», Քենիայի «նախկին փոխոստիկանապետը», Երևանի նախկին քաղաքապետն ու նախկին օմբուդսմենը. ովքե՞ր են ընտրություններին մասնակցող 19 ուժերըՄինչ ԲՀԿ քաղաքական թիմն այսօր ներկայացնում էր իրենց նախընտրական ծրագրի հիմնական դրույթները՝ երաշխավորված խաղաղություն, մրցունակ տնտեսություն, արժանապատիվ թոշակ, հանրային համերաշխություն, միասնական հայկական աշխարհ և այլն, Ծառուկյանը շրջում էր մարզերով:
Կոտայքի մարզի հանդիպումներից մեկում բնակիչներից մեկը պնդեց, թե ուրիշ ղեկավարի անուն չի ուզում լսել, ցանկանում են, որ հենց Ծառուկյանն առաջնորդի իրենց. «Մեզ պետք է քո նման ղեկավար, դու գնա, գալիս ենք քո հետևից»:
Ի դեպ, մարդիկ նաև հետաքրքրվեցին, թե ինչու է Ծառուկյանը վերջին շրջանում ձախ ձեռքով բարևում ժողովրդին:
«Մկաններս փրթել եմ: Շաբաթը 3 անգամ պարապում եմ, 3 ամիս է՝ չի լավանում», - պատասխանեց Ծառուկյանը: