Ղազախստանի նախագահի հետ հեռախոսազրույցից մի քանի օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է՝ Աստանայի հետ քննարկում է եղել TRIPP նախագծին Ղազախստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Առանց փակագծերը բացելու Փաշինյանը հիշեցնում է, որ երրորդ երկրների մասնակցության համար Երևանից բացի անհրաժեշտ է նաև Վաշինգտոնի համաձայնությունը:
«Ղազախստանի մասով, TRIPP-ի մասով քննարկվել է հարցը, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ TRIPP-ում մասնակցությունը, ներգրավվածությունը ներդրումային... Իհարկե, էնտեղ ներդրումային հնարավորություններ լինելու են, հստակ սահմանված է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների համաձայնությամբ, այսինքն, երրորդ կողմերը կարող են ներգրավվել Հայաստանի և Միացյալ Նահանգների համաձայնությամբ, հիմա տարբեր երկրներ ցուցաբերում են էլի հետաքրքրություն, բնականաբար, մենք ցուցաբերված հետաքրքրությունը ողջունում ենք», - ասաց Փաշինյանը:
Կասիմ- Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցից հետո Երևանը միայն տեղեկացրեց՝ քննարկել են տարածաշրջանային, տրանսպորտային ծրագրերի իրականացման շուրջ համագործակցելու հնարավորությունները, այլ մանրամասներ կառավարությունը չհայտնեց: Զրույցից հետո ղրղըզական լրատվամիջոցներից մեկն առանց աղբյուրներին հղում անելու գրել է, թե Փաշինյանը Տոկաևին առաջարկել է, որ Ղազախստանն ու Ղրղըզստանը TRIPP նախագծի բաժնետեր դառնան: Ավելին՝ ըստ այս աղբյուրի, Երևանն առաջարկել է այս նախագծում 26 տոկոս իր մասնաբաժնից 5-ական տոկոս փոխանցել Ղազախստանին ու Ղրղըզստանին՝ ներդումների դիմաց: Այս հրապարակման հեղինակները, սակայն, որևէ պաշտոնյայի հղում չեն արել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
400 միլիոն դոլար բյուջեով TRIPP հիմնադրամ՝ բիզնեսմեն Կոնստանտին Սոկոլովի ղեկավարությամբՎարչապետ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում միայն ասաց՝ Երևանն է ներդրումային առաջարկների սպասում. «Պետք է նաև քննարկենք արդեն կոնկրետության մեջ, որովհետև, այնուամենայնիվ, ներդրումային ծավալը մեծ է, բայց անսահմանափակ չէ, և պետք է հասկանալ՝ ով ինչ ներդրումային փաթեթ է առաջարկում և ընտրել լավագույնը»:
Ղրղըզական աղբյուրը նաև հայտնում է, թե հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են կոնցենսիոն պայմանագրով ռուսական կողմից կառավարվող հայկական երկաթուղիների ղեկավարումը Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը:
Հայաստանի իշխանություններն արդեն ամիսներ շարունակ պնդում են՝ Ռուսաստանի հետ կոնցենսիոն պայմանագրի պատճառով Հայաստանը կորցնում է տարածաշրջանի երկաթուղային ցանցին միանալու և արևելք-արևմուտք բեռների տեղափոխման տարանցիկ երկիր դառնալու մրցակցային առավելությունը, քանի որ ըստ վարչապետի, արևմտյան երկրները չեն ցանկանում Ռուսաստանի հետ գործ ունենալ:
Երևանը Մոսկվային առաջարկում է բարեկամաբար լուծել հարցն ու կառավարումը երկու երկրների համար ընդունելի երրորդ երկրի փոխանցել: Մի քանի օր առաջ վարչապետն Ազգային ժողովում հայտարարեց, որ հայկական երկաթուղիները 400 միլիոն դոլարով գնելու առաջարկ կա, այսօր, սակայն, ասաց՝ այն դեռ բանավոր խոսակցությունների մակարդակում է և հստակ առաջարկ չկա:
Առանց երկրների անուններ տալու Փաշինյանն ասաց, որ այս հարցերը նաև պաշտոնական մակարդակում են քննարկում: Մոսկվան կոնցեսիոն պայմանագիրն այլ կողմի փոխանցելու Հայաստանի առաջարկին ու պնդումներին, թե Հայաստանը մրցակցային առավելությունն է կորցնում, սուր է արձագանքում, նույնիսկ պնդում, թե Արևմուտքը Հայաստանին փորձում է շանտաժի ենթարկել: Ռուսական կողմը սպառնում է՝ եթե Երևանը խզի 30 տարով կնքված պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2038 թվականին, կպահանջեն շուրջ 20 տարվա ընթացքում իրենց կատարած ներդրումները: Դրանք, ըստ ռուսական կողմի, հասնում են շուրջ 400 միլիոն դոլարի:
Զախարովան Հայաստանի իշխանություններին հորդորում է իրենց հետ բանակցությունների սեղանին նստել
Կրեմլի ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր նույնպես կտրուկ արտահայտվեց՝ դարձյալ հիշեցնելով ռուսական կողմի ներդրումները, նա պնդեց, թե Երևանն իրենց փաստարկներին պատասխանել չի կարողանում. «Ինչպես հասկանում եք, հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ բերել, որովհետև այդպիսի հակափաստարկ չկա՝ հաշվի առնելով, որ նախկինում կոնցեսիան փոխանցելու հարց չի դրվել մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում՝ պահանջելով չեզոքացնել տրանսպորտի ոլորտում ռուսական գործոնը, դրա փոխարեն բազմամիլիոնանոց ներդրումներ են խոստանում այնպիսի նախագծերում, որոնց տնտեսական ողջամտությունը չի դիտարկվում»:
Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին հորդորում է երկաթուղիների հարցով իրենց հետ բանակցությունների սեղանին նստել ու գործնականում քննարկել առկա խնդիրներն ու մտահոգությունները. «Հատկապես, երբ, ինչպես Երևանում են վստահեցնում, հարցը բարեկամաբար լուծելու ցանկություն ունեն»:
TRIPP նախագծում Ղազախստանի, Ղրղըզստանի հնարավոր մասնակցության ու երկաթուղու կառավարումը Ղազախստանին փոխանցելու վերաբերյալ լուրերը շրջանառվում են մի շրջանում, երբ Ղազախստանի նախագահը միանալով Ռուսաստանի նախագահին Հայաստանին ուղղված գրություն է ստորագրել՝ պահանջելով մինչ այս տարեվերջ Եվրամիություն կամ ԵԱՏՄ հարցով հանրաքվե անել, Ղազախստանը ԵԱՏՄ հիմնադիր անդամ է ու Հայաստանի վերաբերյալ որոշումներում նաև Աստանայի ձայնն է կարևոր: