Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ մոտ երկու հազար մարդ է զոհվել, Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյաներից մեկը:
Երկրում ինտերնետն ու հեռախոսակապը դեռ անհասանելի են, թեև հաղորդումներ կան, որ երկրից հնարավոր է եղել որոշ միջազգային զանգեր անել: Իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացնում են՝ զոհերի թիվը կարող է ավելանալ: Այս պահին պարզ չէ՝ արդյոք հակակառավարական ցույցերը շարունակվում են, թե ոչ:
«Ուրբաթն արյունալի օր էր». ականատեսների պատմությունները
Իշխանությունները ցուցարարներից մեկի՝ 26-ամյա Էֆրան Սուլթանիի ընտանիքին տեղեկացրել են, որ վաղը մահապատժի են ենթարկելու նրան՝ առանց ներկայացնելու, թե ինչ մեղադրանքով:
Մինչ այդ ականատեսները BBC-ին պատմել են վերջին օրերին իրավապահների բիրտ գործողությունների մասին: Հարավային փոքր քաղաքներից մեկի մի բնակիչ պատմել է, որ անձամբ է տեսել, թե ինչպես են իրավապահները կրակում ցուցարարների վրա: «Նրանք կրակեցին ուղիղ ցուցարարների շարքերի վրա, և մարդիկ ընկան այնտեղ, որտեղ կանգնած էին»,- պատմել է նա:
Ըստ գործակալության՝ ուժայինների դաժանությունն իր գագաթնակետին է հասել հինգշաբթի և ուրբաթ: Թեհրանից մի երիտասարդ կին պատմել է, որ հինգշաբթին ասես «դատաստանի օր» լիներ, նույնիսկ Թեհրանի հեռավոր թաղամասերն էին լի ցուցարարներով։
«Բայց ուրբաթ անվտանգության ուժերը միայն սպանում էին, սպանում ու սպանում։ Այդ ամենը տեսնելուց հետո այնքան էի ցնցված, որ լիովին կորցրի մարտական ոգիս։ Ուրբաթն արյունալի օր էր»,- պատմել է նա՝ հավելելով, որ այդ սպանդից հետո մարդիկ վախենում են փողոց դուրս գալ:
Իրանցի բժիկները պատմել են, որ շատ հիվանդանոցներ պատերազմական գոտի են հիշեցնում: Նրանք ասել են, որ հարյուրավոր վիրավորների են սպասարկել՝ հիմնականում Թեհրանից և այլ մեծ քաղաքներից: Հիվանդանոցներում արյան պաշարների պակաս կա, ինչի մասին հաղորդել է նաև Իրանի պետական հեռարձակողը, որն այս օրերին խիստ գրաքննության պայմաններում գործող հատուկենտ պաշտոնական աղբյուրներից է:
Չնայած ընդդիմադիրների ցույցերի մասին տեղեկություններ չկան՝ ըստ պետական լրատվամիջոցների, իշխանությունների աջակիցներն են երեկ ցույցեր արել մի քանի քաղաքներում: Թեհրանի ակցիային մասնակցել է նաև նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Սակայն BBC-ի իրանական ծառայության փոխանցմամբ՝ դա ինքնաբուխ ցույց չի եղել, իշխանությունները մարդկանց կարճ հաղորդագրություններով են մոբիլիզացրել՝ միաժամանակ զգուշացնելով չմասնակցել հակակառավարական ակցիաներին:
Ու մինչ աշխարհն ուշի-ուշով սպասում է, թե ինչ կորոշի ԱՄՆ-ն Իրանի իրադարձություններին միջամտելու հարցում, Դոնալդ Թրամփը երեկ 25% մաքսատուրք է սահմանել այն երկրների համար, որոնք բիզնես կվարեն Իրանի հետ: Իրանն արդեն քանի տարի Արևմուտքի խիստ պատժամիջոցների տակ է: Ազգային արժույթը վերջին մեկ տարում արժեզրկվել է մոտ 50%-ով, իսկ սննդամթերքը թանկացել է մոտ 70%-ով:
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Դոնալդ Թրամփին երեկ զեկուցվել են միջամտության հնարավոր տարբերակները, որոնք ներառում են նաև հեռահար հրթիռային հարվածներ: Սպիտակ տան խոսնակն ասել է, որ նախագահը նախընտրում է խնդիրները նախ դիվանագիտությամբ լուծել:
«Այնուամենայնիվ, դրանով հանդերձ, նախագահը ցույց է տվել, որ չի վախենում ռազմական տարբերակներ կիրառելուց, եթե և երբ անհրաժեշտ համարի: Եվ Իրանից բացի՝ ոչ ոք դա ավելի լավ չգիտի», - ասել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը:
Ակնկալվում է, որ Թրամփի ազգային անվտանգության թիմն այս հարցով կհանդիպի երեքշաբթի:
Իրանը ԱՄՆ-ին ու Իսրայելին է մեղադրում
Իրանի արտգործնախարարն այսօր ԱՄՆ-ին ու Իսրայելին է մեղադրել ցույցերը հրահրելու համար՝ նշելով, որ դա վկայող շատ ապացույցներ ունեն: Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ինչպես ցանկացած քայլի, այնպես էլ բանակցելու Վաշինգտոնի հետ, սակայն փոխադարձ հարգանքի հիման վրա: Արաղչին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն «իմաստուն որոշում» կկայացնի:
«Մեր օրակարգում կանխարգելիչ գործողություններ չկան։ Մենք պատերազմի չենք ձգտում, բայց լիովին պատրաստ ենք դրան, նույնիսկ ավելի պատրաստված ենք, քան նախորդ պատերազմից առաջ»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:
Փահլավին Թրամփին կոչ է արել «օր առաջ միջամտել»
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավին, որը վայելում է իրանցիներից շատերի համակրանքն ու այս օրերին իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց, CBC-ին տված հարցազրույցում Թրամփին կոչ է արել օր առաջ միջամտել, որպեսզի իսլամական «ռեժիմը վերջապես փլուզվի»:
«Ես պարզապես ասում եմ, որ Իրանում զոհերի թիվը նվազեցնելու լավագույն միջոցը շուտափույթ միջամտելն է, որպեսզի այս ռեժիմը վերջնականապես փլուզվի և վերջ դրվի մեր առաջ ծառացած բոլոր խնդիրներին։ Մենք պատերազմի մեջ ենք, և պետք է ապահովենք մեր հաղթանակը», - հայտարարել է Իրանի աքսորյալ թագաժառանգը:
Իրանի հոգևոր առաջնորդն էլ քննադատել է Թրամփին՝ նրա հայտարարության համար, որ Իրանի իրադարձություններին միջամտելու կոշտ տարբերակներ են դիտարկում: Այաթոլլա Ալի Խամանեին Սպիտակ տան ղեկավարին մեղադրել է «խաբեության» և «դավաճան վարձկանների» վրա հույս դնելու համար: Նա գովաբանել է կառավարամետ հանրահավաքները՝ նշելով, որ դրանով իրանցիները «ամբողջությամբ ջախջախեցին արտաքին թշնամիների դավադրությունները, որոնք ենթադրաբար պետք է իրականացնեին ներքին վարձկանները»։
Այս ընթացքում մի շարք երկրներ հայտարարություններ են անում Իրանի վերաբերյալ: Գերմանիայի կանցլերը հայտարարել է, թե աշխարհն ականատես է լինում «Իրանի ռեժիմի վերջին օրերին». «Երբ ռեժիմը իշխանությունը միայն բռնության միջոցով է կարողանում պահել, այն փաստացի փլուզման եզրին է»,- ասել է Ֆրիդրիխ Մերցը:
Եվրահանձնաժողովի նախագահն էլ «սարսափելի» է անվանել Իրանում զոհերի թվի աճը և դատապարտել է ուժի անհամաչափ կիրառումը ցուցարարների նկատմամբ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել է շուտափույթ պատժամիջոցներ առաջարկել Իրանի դեմ: «Մենք կանգնած ենք Իրանի ժողովրդի կողքին, որը խիզախորեն պայքարում է ազատության համար»,- սոցցանցում գրել է նա: