Նոր Սահմանադրության տեքստը մարտին կհրապարակվի, թե ոչ, որոշված չէ. փոխնախարար

Չնայած շաբաթներ առաջ արդարադատության նախարարի պնդմանը նոր Սահմանադրության տեքստը մարտին ունենալու մասին, նրա տեղակալն այսօր հայտարարեց՝ հաջորդ ամիս տեքստի հրապարակման հարցով դեռ վերջնական որոշում չունեն: Տիգրան Դադունցը փորձեց բացատրել, թե որ դեպքում փաստաթուղթը գուցեև մարտին չհրապարակվի:

«Մենք պետք է վստահ լինենք, որ տեքստը ամբողջական է, որովհետև, գիտեք, երբ տեքստի շուրջ աշխատում ենք, ինչ-որ կարգավորում ենք բերում, մենք պետք է վստահ լինենք, որ բացեր չկան։ Եթե մենք վստահ լինենք, որ տեքստն առնվազն մեր գնահատմամբ ամբողջական է, և մենք խորհրդի հետ էլ կքննարկենք, և կարծում եմ, և եթե նաև խորհրդի հետ էլ որոշակի կոնսենսուս ունենանք, որ մենք շարունակում ենք ձեզ հետ աշխատել, բայց նաև զուգահեռ հանրությունն էլ իմանա, կարծում եմ՝ խնդիր չի լինի։ Միևնույն է՝ հանրությունը բնականաբար իմանալու է այդ տեքստի մասին, հրապարակվելու է ինչ-որ փուլում, որովհետև մենք պետք է հանրության հետ աշխատենք», - այսօր լրագրողներին ասաց Դադունցը:

Այդ դեպքում ինչպե՞ս էր նախարար Գալյանը փետրվարի սկզբին պնդում, որ մարտին պատրաստ կլինի հրապարակման ենթակա տեքստ, փոխնախարարը չբացատրեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մարտին. ինչ է քաղաքացիներին հայտնի նոր փաստաթղթից

Փոխարենը շեշտեց՝ փաստաթղթի մեծ մասը պատրաստ է, դրանք ինտենսիվ քննարկվում և հաստատվում են նաև սահմանադրական փոփոխությունների խորհրդում. «Հույս ունենք, որ գոնե մարտ ամսվա ընթացքում մենք կունենանք, եթե ոչ ամբողջությամբ, ապա բազմաթիվ թեմաներ արդեն խորհրդի կողմից քննարկված և հաստատված»:

Մարտին մնացել է երկու օր, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Արդարադատության նախարարությունում արդեն քննարկել են նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագիրը թողնել-չթողնելու հարցը: Փոխնախարարը նախ պնդեց, թե նորություն չկա այդ հարցով, հետո շեշտեց, թե Անկախության հռչակագիրը հեռացնել-չհեռացնելու հարցը տեխնիկական չէ, որ մի օրում նստեն, որոշեն:

«Դա մոտեցում է, այսինքն՝ այդ առաջարկը նաև վարչապետի կողմից այդ առաջարկը կամ այդ գաղափարը հնչեցվել է, և դրա շուրջ, իհարկե, պետք է քննարկումներ լինեն, որպեսզի կարողանան պատշաճ ձևակերպումներ լինեն, և այդ քննարկումները մենք առանց խորհրդի և առանց մասնագիտական քննարկումների չենք կարող անել», - ասաց նա:

Այդ դեպքում ինչպե՞ս են մի քանի շաբաթում նախաբանի նոր տեքստ գրելու, եթե ինչպես վստահեցնում են, մարտ ամսին աշխատանքը կավարտեն, փոխնախարարին հարցը զարմացրեց. «Որտեղի՞ց ենթադրեցիք, որ պետք է այդ մեկ-երկու շաբաթում դա մտածել։ Ես դրա համար նշեցի երկար պրոցես։ Մենք քրտնաջան աշխատում ենք և ոչ մի ջանք ու եռանդ չենք խնայում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև կա փոխըմբռնում». Ալիևը՝ ՀՀ Սահմանադրության մասին

Ադրբեջանի նախագահը տասն օր առաջ վերահաստատել է՝ քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել, և այնտեղից Անկախության հռչակագրին հղումը չի հանվել, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը չեն ստորագրի: Ավելին՝ Իլհամ Ալիևը պնդել էր, թե Բաքուն Երևանի հետ այդ հարցով փոխըմբռնում ունի, թե «ինչ պետք է արվի և ինչ հաջորդականությամբ»: Փաշինյանի կաբինետի անդամն այսօր դարձյալ հերքեց, թե Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը կապ ունի Բաքվի պահանջի հետ:

«Եվ այդ լեգիտիմությունն է, որ ժողովուրդը, ի վերջո մասնակցելով հանրաքվեին և կողմ կամ միգուցե դեմ քվեարկելով, իր որոշումը կայացնի և իրենը համարի դա», - նշեց փոխնախարարը:

Նոր Սահմանադրության ընդունման համար հանրաքվե անցկացնելու ժամկետները դեռ հստակ չեն, արդարադատության փոխնախարարն այսօր միայն ասաց՝ դա երկար գործընթաց է, ընդ որում՝ նախագծի պատրաստ լինելուց հետո այն պետք է նախ կառավարության հավանությանն արժանանա, հետո ուղարկվի Ազգային ժողով, իսկ վերջին խոսքն էլ լինելու է Սահմանադրական դատարանինը, որից հետո միայն կդրվի հանրաքվեի: