Նոր մեղադրյալներ Գագիկ Ծառուկյանի գործով

Իրավապահներն այսօր ձերբակալել են ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրության տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանին:

Փաստաբան Հովիկ Սուքիասյանը շատ մանրամասներ չփոխանցեց, ասաց միայն, որ պաշտպանյալը մեղադրվում է նույն գործով, որով մեկ ամիս առաջ կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը: Ձերբակալված է նաև «Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանը:

Իրավապահները ԲՀԿ առաջնորդին մեղադրում են իրանցի գործարարներից մոտ 22 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ հափշտակելու և փողերի լվացման համար: Այսօրվա հաղորդագրությունում Քննչական կոմիտեն պնդում է, որ «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանն ու Արթուր Դալլաքյանն օժանդակել են Ծառուկյանին:

Ի դեպ, ամիսներ առաջ դատարանն Առուստամյանին մեղավոր էր ճանաչել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով, արդարացրել՝ Գագիկ Ծառուկյանին, որն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այս խորհրդարանական ընտրություններից հետո:

70-ամյա Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ն մի քանի տասնյակ ձայնով դուրս մնաց խորհրդարանից, երբ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց երկու տեղամասերում քվեարկության արդյունքները: Արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» որոշիչ մեծամասնության հասավ խորհրդարանում:

Ինչո՞ւ է Կադաստրը «Մուլտի Վելնես»-ը գրանցել որպես Երևանի սեփականություն

Ընտրություններից հետո իրավապահները սկսեցին ստուգումներ անել Ծառուկյանի բոլոր ընկերություններում, կապարակնքեցին գործարաններից մինչև ռեստորանների դռները: Քննչականը դեռ փակ է պահում այդ դռները՝ պատճառաբանելով քննչական գործողությունները:

Կառավարությունն արդեն տնօրինում է Ծառուկյանի «Արարատցեմենտն» ու «Արարատ կոնյակի-գինու-օղու» կոմբինատը, կառավարիչներ է նշանակել: Երևանի քաղաքապետն էլ հունիսին միակողմանի դադարեցրել է «Մուլտի Վելնես»-ի հողի վարձակալության պայմանագիրը՝ անունը փոխել «Երևան Վելնես»:

Ավելին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ծառուկյանից վերցրել է ոչ միայն հողը, այլև դրա վրա կառուցված շինությունն ու ներսի գույքը: Այժմ Ծառուկյանը փորձում է դատական ճանապարհով վերադարձնել սպորտային համալիրի գույքը: Սա առաջին դատական հայցն է, որով մեծահարուստ գործարարը վիճարկում է պետության գործողություններն ընտրություններից հետո:

«Մուլտի Վելնես»-ի տնօրեն Արման Փիրոյանն այսօր չցանկացավ փակագծերը բացել, ասաց միայն, որ դատարան են դիմել. «Փակեցին, մենք սպասում էինք այդ քննչական գործողություններին, եկան իրենք բացեցին արդեն, ոնց որ լրիվ կախարդական փայտիկ լիներ էլի: Հիմա էլ քաղաքապետարանը, լավ, եթե ասել էր, որ «դուք ձեր գույքը վերցրեք», բանից դուրս եկավ, որ այս պահի դրությամբ ինքը շենքը վերցրեց ու սկսեց շահագործել»:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, «Մուլտի Վելնես»-ի ներկայացուցիչը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևանի քաղաքապետի կողմից կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը:

Ծառուկյանի փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել Կադաստրի որոշումը, որով այս հուլիսի 14-ին դադարեցվել է «Մուլտի Վելնես»-ի կառուցապատման իրավունքը և գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն: Կադաստրից չեն մեկնաբանում իրենց որոշումը:

Քաղաքապետարանից չեն մանրամասնում, թե որո՞նք են այս փոփոխության հիմքերը և արդյո՞ք պայմանագրում կան նման դրույթներ: «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել թե՛ այդ հիմքերի, թե՛ այս պահին համալիրի եկամուտները տնօրինելու օրինականության, ինչպես նաև գործարարին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:

Գործը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ: