Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանն ընտրակաշառքի գործով արդարացվեց

Հակակոռուպցիոն դատարանն այսօր հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա բիզնես կայսրության՝ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով վերդիկտը։

Ըստ այդմ՝ ընտրակաշառքի գործով ԲՀԿ առաջնորդն անմեղ ճանաչվեց։ Նույն գործով անցնող Սեդրակ Առուստամյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքի կատարման համար (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։

Այս գործը դատարանում է 2023 թվականից: ԲՀԿ 69-ամյա առաջնորդը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար, մեղքը չի ընդունում:

«Քննվում է Երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ի վերջո ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում», - 2020 թվականի հունիսին, նույն օրը, երբ Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրվել, վարչապետ Փաշինյանն այսպես էր որակել այս քրեական գործը՝ ընդգծելով, թե ԲՀԿ-ի պարագայում ծախսվել են հիմնականում մի մարդու փողեր։

Իրավապահները քրեական գործի մասին հայտարարել էին Փաշինյանի կառավարությանը ԲՀԿ-ի քննադատությունից հետո։ Այդ ժամանակ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Ծառուկյանը պահանջում էր կառավարության հրաժարականը։ Ծառուկյանի քննադատությունից հետո իրավապահները խուզարկել էին նրա՝ Կոտայքի մարզի առանձնատունը, ինչից հետո ԱԱԾ-ն նրան կանչել էր հարցաքննության, հետո էլ մեղադրել ընտրակաշառք տալու համար, ապա կալանավորել։ Ավելի ուշ Ծառուկյանը կալանքից ազատ արձակվեց։

Այն ժամանակ ԲՀԿ-ականները մեկը մյուսի հետևից հայտարարում էին քաղաքական հետապնդման մասին։ Իշխանություններն էլ հակադարձում էին, թե որևէ ազդեցություն իրավապահների վրա չկա։

XS
SM
MD
LG