Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Ավելի վաղ նախագահն ընդունել էր Կառավարության հրաժարականը, որը նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկին ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համաձայն Սահմանադրության պահանջի:

Ըստ Սահմանադրության՝ նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ որպես Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, վարչապետի պաշտոնում առաջադրեց կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացմամբ, Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ նշանակվեցի ՀՀ վարչապետ», - Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

Նախագահը հրամանագիրն ստորագրել է՝ իր նստավայրում հյուրընկալելով վարչապետի պաշտոնակատարին:

«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի այս հնարավորության համար՝ ստորագրել հրամանագիր Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ, որի առաջարկությունը ես ստացել եմ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության կողմից։ Անկեղծ շնորհավորում եմ, մաղթում եմ Ձեզ մեծ համբերություն, տոկունություն, վճռականություն՝ այս դժվարին ժամանակներում մեզ առաջնորդելու, երկիրը դեպի ապագա, բարեկեցիկ ապագա տանելու համար», - Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ մասնավորապես ասել է Վահագն Խաչատուրյանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել և մասնավորապես հայտարարել. - «Պիտի անկեղծ ասեմ՝ 2018 թվականին, երբ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ստանձնեցի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, դժվար կլիներ կանխատեսել, որ մենք անցնելու ենք այսպիսի ճանապարհով և կարծում եմ, որ դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել: Բայց մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք, և կարծում եմ, որ այս ամենում առանցքային դերն ու նշանակությունը միանշանակ և աներկբա Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է, ով, ի վերջո, պետական գիտակցության և պետականակենտրոնության առանձնահատուկ արտահայտություններ ի ցույց դրեց այս ողջ ընթացքում: Եվ իհարկե, սա մեծ պարտավորություն և պարտավորվածություն է»:

«Հույս ունեմ, որ 9-րդ գումարման Ազգային ժողովն ի վերջո կդառնա այնպիսի հարթակ, որը քաղաքական գաղափարների, մտքերի, տեսլականների և ոչ թե անձանց բախման միջավայր կլինի: Այսօր էլ տեսա, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված, պարոն Ռուբինյանը այդ նույն ուղերձը հղեց՝ ցուցաբերելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության պատրաստակամությունը՝ խորհրդարանում աշխատել առանց անձնական և անձնավորված թիրախավորումների, հայհոյանքի և վիրավորանքի տրամաբանությունից դուրս: Իհարկե, բանավեճերը պետք է և կլինեն սուր, բայց շատ կարևոր է, թե սրությունն ինչի մասին է, սրությունը քաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական բովանդակության մասին պետք է լինի և ոչ թե փոխադարձ թիրախավորումների», - ասել է վարչապետը:

«Այն, որ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված է հնարավորություն Սահմանադրությամբ ընտրել իշխանություն, սա դարձել է իրականություն: Սա մեզ համար միշտ եղել է երազանք: Մեր ժողովուրդը տարիներ շարունակ իր ընտրությունը կատարել է, բայց, ցավոք սրտի, իշխանությունն իր ձեռքից վերցրել են։ 2018 թվականից հետո մեր ժողովուրդը կատարում է իր ընտրությունը և ստանում է այդ իշխանությունը։ Եվ իշխանությունը, ով ընտրվել է այդ ժողովրդի կողմից, այդ պարտավորությունն ունի և պետք է արդարացնի այդ վստահությունը, որ ստանում է ժողովրդի կողմից», - ասել է նախագահը:

«Բայց կարևոր մի գործոն էլ կա: Պետության կայունությունը, ամրապնդումը, ամրությունը կախված է ոչ միայն քաղաքական մեծամասնությունից, ով ստանձնում է իշխանություն, այլև՝ ընդդիմությունից: Ինչքան որակյալ քաղաքական մեծամասնության կարիք ունի ժողովրդավարական երկրներում հասարակությունը, ավելի կարևոր նշանակություն և դեր ունի ընդդիմությունը: Եվ մենք միասին պետք է ամեն ինչ անենք, այդ թվում՝ ընդդիմության հետ, աշխատենք», - ընդգծել է Վահագն Խաչատուրյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ ՓաշինյանինՆախագահն ընդունեց Կառավարության հրաժարականըՓաշինյանը ստորագրեց Կառավարության հրաժարականը և ուղարկեց նախագահինՆորընտիր Ազգային ժողովն սկսեց աշխատանքները