Հայաստան-Եվրամիություն գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակն են քննարկել արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները «գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման դինամիկան»։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված փոխգործակցությանը՝ որպես ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս, ասված է հաղորդագրությունում:
Մարթա Կոսը, իր հերթին, X-ում գրել է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում վերահաստատել է «Եվրամիության համերաշխությունը Հայաստանի հետ Ռուսաստանի աճող տնտեսական հարկադրանքին դեմ-հանդիման»:
«Մենք կարճ ժամկետում Հայաստանին Եվրամիության աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում: Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքը՝ խթանելու դեպի Հարավային Կովկաս և Հարավային Կովկասում առևտրային և էներգետիկ կապերը՝ աջակցելով իր անմիջական հարևանների հետ Հայաստանի տնտեսական կապերին», - գրել է ԵՄ հանձնակատարը:
«Հայաստանն ինքնիշխան և անկախ երկիր է, որի ժողովուրդն ազատ է՝ ընտրելու երկրի ուղին», - ընդգծել է Մարթա Կոսը:
Նախօրեին Եվրամիությունը պաշտոնական հայտարարությամբ դատապարտել էր Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ։
Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակում է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոստացավ, որ Կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին:
Վարչապետը հայտնեց նաև, որ «այսօր գործարար մի քանի պատվիրակություններ աշխատում են, և արդեն վարդերի առաջին և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն՝ նոր կասեմ, թե որ երկրներ»: