Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով. փոխվարչապետը մանրամասներ է ներկայացրել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք այցելել են Սյունիքի մարզ:

Կառավարության փոխանցմամբ՝ այցի նպատակն էր տեղում քննարկել TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված կազմակերպչական մի շարք հարցերը և հստակեցնել ծրագրի հետագա ընթացքը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության նիստում մանրամասներ է հայտնել երեկ TRIPP-ի հարցերով Սյունիք այցի մասին՝ հավաստիացնելով, որ նախագծման աշխատանքները կմեկնարկեն մինչև TRIPP-ի զարգացման հիմնադրամ հիմնումը:

«Նախագծման աշխատանքների մեկնարկը կազմակերպելու նպատակով էինք տեղում ծանոթանում ենթակառուցվածքների պոտենցիալ դասավորությանը: Խոսքը այս փուլում երկաթգծի, ավտոճանապարհի և էներգետիկ ենթակառուցվածքի՝ լարանցման մասին է», - նշեց նա:

Գրիգորյանն ասել է, որ երկաթգծի հետ կապված նոր բան չկա, ակնհայտ է, թե այն որտեղով է անցնելու, քննարկելու բան չկա, տեղում ուսումնասիրել են միայն ամրաշինական կոնստրուկցիաները: Ըստ փոխվարչապետի՝ ավտոճանապարհի դեպքում դեռ կան մոդելավորման հետ կապված հարցեր՝ «բարդ անցանելի հատվածների» շուրջ. «Վերջնական լուծումը պետք է այնպիսին լինի, որ ճանապարհը մրցունակ լինի, որովհետև խոսքը տրանզիտի մասին է: Մեր ծախսերը արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե ճանապարհը շահագործման առավելություն ունենա տարածաշրջանային մակարդակով»:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ TRIPP-ի ծրագրի ուղղությամբ աշխատանքները բավականին արագ են առաջ ընթանում և որ TRIPP-ի հիմնարկեքը կսկսի 2027-ի սկզբին:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 26-ին, ստորագրվել՝ հունիսի 4-ին:

Նախօրեին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակցություն տվեց հայ-ամերիկյան TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացմանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց, որ Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում տեղի կունենա համաձայնագրի վավերացմանը:

Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր հայ-ամերիկյան համաձայնագիրն ու ուղարկել Սահմանադրական դատարան, որն էլ մի քանի ժամ տևած քննությունից հետո որոշել էր, որ փաստաթուղթը չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը։

Սյունիքով անցնող «Թրամփի ուղով» Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան տարանցումը, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, պետք է լինի անխոչընդոտ՝ թվային գործիքների կիրառմամբ։ Երևանն ու Վաշինգտոնը միաժամանակ պնդում են, որ Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանցին TRIPP-ով անցնելիս հայ մաքսավորի ու սահմանապահի կհանդիպի՞. ըստ արտգործնախարարի՝ «կարող է ընդհանրապես չհանդիպի»