Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացմանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակցություն տվեց:
Առաջարկվեց հարցը ներառել նաև Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում:
Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր հայ-ամերիկյան համաձայնագիրն ու ուղարկել Սահմանադրական դատարան, որն էլ մի քանի ժամ տևած քննությունից հետո որոշել էր, որ փաստաթուղթը չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը։
Համաձայնագրով Երևանն ու Վաշինգտոնը նախատեսում են ստեղծել TRIPP զարգացման համատեղ ձեռնարկություն, որտեղ առաջին 49 տարում Միացյալ Նահանգներին կպատկանի բաժնեմասերի 74, Հայաստանին՝ 26 տոկոսը։ Եթե համագործակցությունը երկարաձգվի ևս 50 տարով, Հայաստանի բաժնեմասը կհասնի 49 տոկոսի։
Սյունիքով անցնող «Թրամփի ուղով» Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան տարանցումը, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, պետք է լինի անխոչընդոտ՝ թվային գործիքների կիրառմամբ։ Երևանն ու Վաշինգտոնը միաժամանակ պնդում են, որ Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում։