Մատչելիության հղումներ

Ռուբիոն և Միրզոյանը Երևանում նախաստորագրեցին TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը

Լրացված

Կարճատև այցով Երևան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

Ստորագրվեցին նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը:

«Քիչ առաջ մենք մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց.- «Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով: Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով: Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները»:

Դիմելով ԱՄՆ պետքարտուղարին, ՀՀ ԱԳ նախարարն ասաց.- «Բոլոր ջանքերն այսուհետ ևս կգործադրենք, որպեսզի քայլ առ քայլ իրականություն դարձնենք նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի ուրվագծած համագործակցությունը, որը վստահաբար շահեկան է լինելու և՛ Հայաստանի, և՛ ԱՄՆ-ի համար, նաև մյուսների համար՝ տարածաշրջանում, ովքեր կառուցողականորեն և համագործակցաբար կներգրավվեն այս նախագծի ստեղծած հնարավորությունների մեջ»:

ԱՄՆ պետքարտուղարը Երևան էր ժամանել կնոջ հետ: Նախքան երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, տեղի ունեցավ ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունները տեղի ունեցան հենց օդանավակայանում: ԱՄՆ պետքարտուղարի կարճատև այցը Երևան մոտ մեկ ժամ տևեց:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG