Մասնավոր ընկերությանը պատվիրակվող TRIPP-ի ֆրոնթ օֆիսը կարող է ունենալ իր առանձին անվտանգային ստորաբաժանումը, այսօր Ազգային ժողովում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Իհարկե, ինչպես ցանկացած ընկերություն, հատկապես ենթակառուցվածքային խոշոր ընկերությունները կարող են ունենալ իրենց անվտանգային ստորաբաժանումները, բայց պետք է լիցենզավորված լինեն, արտոնագրված լինեն Հայաստանի Հանրապետությունում, այնպես ինչպես մասնավոր բազմաթիվ ընկերությունների դեպքում այսօր էլ կա», - ասաց արտգործնախարարը:
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր քննարկում էին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը: Համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ և ներառվեց Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում:
Միրզոյանը քննարկման ժամանակ պարբերաբար ընդգծում էր, թե փաստաթղթում ամրագրված է Հայաստանի իրավազորությանը և արտակարգ իրավիճակներում Հայաստանի համապատասխան մարմինների առաջնային իրավունքը. - «Եվ իրավիճակի վերահսկողությունը ևս առանձին և հատուկ ամրագրված է փաստաթղթում։ Եվ նաև անվտանգության պլանները, որը այդ ստորաբաժանումը կունենա՝ էվակուացիա, արտակարգ իրավիճակում ինչ-որ գործողություն և այլն, Հայաստանի Հանրապետությունը ունի: Եվ այստեղ ամրագրված է Հայաստանի Հանրապետության իրավունքը՝ հաստատել այդ պլանները։ Արդեն ասեցի՝ անձնակազմի ներգրավումը ենթակա կլինի մեր արտոնագրման օրենսդրական պահանջներին»:
Արտգործնախարարը դարձյալ վստահեցրեց, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունը:
«Անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն քաղաքականություն, հարկերի և տուրքերի փոխանցում պետբյուջե, պետական տեղեկատվական համակարգեր, պետական վարչարարություն և վերահսկողություն... այս բոլորի նկատմամբ, հարգելի՛ գործընկերներ և հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունը պահպանում էր լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունը», - ասաց Միրզոյանը:
Հայաստանը Սյունիքում կառուցվելիք TRIPP-ի շրջանակներում պարտավորվել է անխոչընդոտ անցում տրամադրել Ադրբեջանին դեպի իր էքսկլավ Նախիջևան՝ փոխադարձ առավելություններով: Թե ինչ է նշանակում «փոխադարձ առավելությունը», արդյոք հայաստանցիները Ադրբեջանի տարածքով ճիշտ նույն պայմաններով անցման հնարավորություն կունենան, համաձայնություններից ավելի քան մեկ տարի անց էլ պարզ չէ:
«TRIPP-ի իրականացման շրջանակ փաստաթղթում և արդեն այս միջպետական համաձայնագրում նշված է, որ կարող ենք ունենալ ֆրոնտ օֆիս, բեք օֆիս սկզբունքով ծառայությունների մատուցում բոլոր այն քաղաքացիների, ուղեւորների և բեռների համար, որոնք կանցնեն այս ենթակառուցվածքներով։ Եվ համաձայն այս մոդելի՝ ծառայություններ կարող են պատվիրվել մասնավոր օպերատորների կողմից: Իմիջիայլոց, ծրագրի առումով արդեն Հայաստանում կա առանձին օրինակներով՝ Հայաստանի համաձայնությամբ և TRIPP զարգացման ընկերության համաձայնությամբ, որտեղ էլի մենք մասնակցություն ունենք, կարող են մատուցվել քաղաքացիների հետ անմիջական շփում պահանջող սպասարկման ծառայություններ։ Այս կարգավորումը չի փոխում պետական մարմինների սահմանային և մաքսային վերահսկողության համար համաձայնագրով ամրագրված պատասխանատվությունը», - նշեց Միրզոյանը:
Ադրբեջանի նախագահը ամիսներ առաջ հայտարարել էր, թե ադրբեջանցիները պետք է հայ սահմանապահի երես չտեսնեն TRIPP-ով անցնելիս: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ ֆրոնթ օֆիսի մասնավոր ընկերությունում անվտանգային ստորաբաժանում ունենալու տարբերակը հենց այս պահանջի կատարման մեխանիզմներից մեկն է»:
«Որպեսզի ադրբեջանական պահանջը կատարեն, իրենք ասում են, որ շփումը ապահովվելու է ֆրոնթ օֆիսի միջոցով։ Քանի ադրբեջանցիներ չեն ուզում հայ տեսնեն Հայաստանում, դե ուրեմն կտեսնեն երրորդ երկրի ներկայացուցիչ։ Դա մեր ինքնիշխանությունը զիջելու էլի մի պահանջ է։ Պատկերացրե՛ք՝ դուք հանկարծ իջնում եք Բաքվի օդանավակայան և ասում եք՝ գիտե՞ս, այս ադրբեջանցուն չեմ ուզում տեսնել, ինձ բերե՛ք, օրինակ, ֆիլիպինցի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ TRIPP-ով անցման պայմանների շուրջ «հարցականները չափազանց շատ են»: