Այս պահի դրությամբ Մերձավոր Արևելքի երկրներում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարությունը:
ԱԳՆ-ն նշել է՝ Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները դիմումների մեծ թիվ չեն գրանցել։
«Իրանի պարագայում երբեմն առկա են կապի խնդիրներ։ ՀՀ դեսպանությունը կապի մեջ է նաև այլ երկրների համապատասխան գործընկերների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ տարածքով տարհանման հարցում աջակցություն ցուցաբերելու համար», - ասված է հայտարարության մեջ:
ԱԳՆ թեժ գիծը փետրվարի 28-ին և մարտի 1-ին (13:30-ի դրությամբ) ստացել է շուրջ չորս տասնյակ զանգ։ Ուղղված հարցերը հիմնականում վերաբերել են չվերթների վերականգնման կամ Հայաստան տարհանման կամ վերադառնալու այլ հնարավորություններին։
Գերատեսչությունից շեշտել են՝ կապ է պահպանվում համապատասխան ավիաընկերությունների հետ՝ իրավիճակի շուրջ օպերատիվ տեղեկատվություն ստանալու:
Որոշ դեպքերում, ըստ ԱԳՆ-ի, ավիաընկերությունների կողմից առաջարկվում են թռիչքների փոփոխման տարբերակներ, իսկ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ իրենք պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը։
ԱՄԷ-ում դեսպանությունը կապի մեջ է նաև այնտեղ կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն:
Նախարարությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորել է հետևել տեղական և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից տարածվող պաշտոնական ցուցումներին և տեղեկատվությանը։
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով այդ թվում նրա ղեկավարությանը: Հաստատվել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահը:
Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով Իսրայելը և ամերիկյան ռազմակայաններն ամբողջ տարածաշրջանում:
Հայաստանի անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Իրանում և Մերձավոր Արևելքում: Նիստի մասնակիցները խորը ափսոսանք են հայտնել «ցավալի զարգացումների վերաբերյալ», իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը: