Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քանի ժամ է՝ քննում է պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական հետապնդում հարուցելու դատախազության միջնորդությունը։
Երկու օր առաջ հանրահավաքի ամբիոնից վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե ԱԱԾ-ն պատրաստվում է Թևանյանի հարցով հաղորդում ուղարկել, երեկ արդեն նյութերը Քննչականի սեղանին էին, պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով վարույթն էլ չուշացավ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ«Դե ես սա գնահատում եմ առնվազն մեր քարոզչական գործունեությունը, նախընտրական գործունեությունը խոչընդոտելու ակտ, որովհետև մենք չենք կարողանում մեր քարոզչությունը պատշաճ իրականացնել», - նշեց Թևանյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դռնփակ նիստին մասնակցում են նաև թեկնածուն ու նրա փաստաբանները։
Թևանյանը չի ընդունում քննիչների ու վարչապետի պնդումները, թե ինքը Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել. «Ես տեղյակ չեմ, թե ով է ղեկավարում այդ կայքը»:
Մինչդեռ Քննչականը հակադարձում է՝ ունեն տեղեկություններ, որ Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, ով ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց Թևանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։ Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված այդ նիստին մասնակցել էին արտգործնախարարն ու Սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Վաղ առավոտից սկսած ու մի քանի ժամ տևած խուզարկություններից հետո Ազգային անվտանգության ծառայությունն ու Քննչականը հեռացան ընդդիմադիր թեկնածուի տան բակից, իրենց հետ տանելով համակարգիչ, փաստաթղթեր և այլ իրեր, որոնց մասին Թևանյանը ոչինչ չասաց՝ նախաքննական գաղտնիքը չբացահայտելու պատճառաբանությամբ։
«Ես որևէ կարգավիճակ չունեմ սրա հետ կապված, փաստաթղթով ինձ ծանուցված չէ, թե ես ընդհանրապես ինչ կարգավիճակով եմ մասնակցում։ Այս խուզարկության որոշման մեջ էլ նույնիսկ ներկայացված չէ, թե ինչ կարգավիճակով՝ ո՛չ վկա, ո՛չ մեղադրյալ, ոչ մի բան», - ասաց նա։
Խուզարկությունները Քննչականը սկսել էր Թևանյանի առաջնորդած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակից։ Ավարտից հետո ընդդիմադիր գործիչն իջել էր բակ, որ ոտքով քայլի քիչ հեռու գտնվող իր տուն, բայց դիմակավորված ԱԱԾ-ականները նրան հորդորում էին նստել իրենց ավտոմեքենան։
Մի քանի րոպե տևած բանակցություններից, Թևանյանի ու նրա փաստաբանի պնդումներից հետո ի վերջո ԱԱԾ-ականները բաց թողեցին մեղադրյալի կարգավիճակ չունեցող Թևանյանի թևերն ու թույլ տվեցին ինքնուրույն գնալ տուն. «Ուրեմն ես ձեր հետ կարող եմ գրազ գալ, որ դուք կամ մենք միասին ոտքով ավելի շուտ ենք հասնելու մեր տուն, քան մեքենայով։ Վստահեցնում եմ ձեզ»։
Թե խորհրդարանի փակ նիստից կոնկրետ ի՞նչ տեղեկություններ ու ո՞ւմ միջոցով է ստացել Թևանյանը, որ ըստ իրավապահների՝ կլորիկ գումարով վաճառել է ռուսներին, իրավապահները չեն մանրամասնում։
Վարչապետ Փաշինյանը, որ լրտեսության մեջ մեղադրում է նաև ԲՀԿ առաջին համար Գագիկ Ծառուկյանին, հայտարարել է. «Ուզում եմ ասել, որ Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր ունեն միմյանց տարածքում լրտեսական գործունեություն չծավալելու»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հայաստանը և Ռուսաստանը միմյանց տարածքում լրտեսական գործունեություն չծավալելու պայմանագիր ունեն». վարչապետ«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը իրեն ու թիմակիցներին լրտեսության մեջ մեղադրողներին առաջարկել էր ապացույցներ բերել, ապացուցելու դեպքում իրեն գնդակահարել, հակառակ դեպքում հրավիրել էր իր առյուծի վանդակը։
«Գիտակցո՞ւմ է, թե՞ չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա, ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն Ճ կլասի լրտես է։ Հասկանու՞մ է, թե՞ չի հասկանում, թե՞ հասկանալու հետ պրոբլեմներ ունի, և դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը։ Կապ ունի՞ արդյոք նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, այդ որդու գործոնով իր վրա ազդել են, թե՞ չեն ազդել», - նշել է Փաշինյանը։
Ինչո՞ւ քաղաքական հակառակորդների նկատմամբ լրտեսության մեղադրանքները վարչապետ Փաշինյանը հնչեցնում է հիմա՝ ընտրարշավի ամենաթեժ պահին։ Փաշինյանն այսօր պնդում էր, թե լրտեսներին վախ չեն գաղտնազերծում, որպեսզի բացահայտեն ողջ ցանցը։