Դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ:
ԿԸՀ-ից «Ազատությանը» փոխանցեցին՝ ստացել են դատախազության միջնորդությունը: Այսօր ժամը 2:30-ին ԿԸՀ-ն դռնփակ նիստում կքննի դատախազության միջնորդությունը:
Ըստ ընթացակարգի՝ եթե ԿԸՀ-ն բավարարի դատախազության միջնորդությունը, ապա Քննչականն այդ համաձայնության հիման վրա Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցի, հանձնարարություն կտա ԱԱԾ-ին նրան ձերբակալել և տանել Քննչական՝ մեղադրանքը ներկայացնելու, այնուհետև խափանման միջոցի հարցը կքննվի:
Երեկ Քննչական կոմիտեն հաղորդել էր ԲՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի առնչությամբ պետական դավաճանության և լրտեսության առերևույթ դեպքի առթիվ հարուցված վարույթի մասին: Ըստ ՔԿ-ի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը «2024-ի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ»:
Թևանյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր է դրել 2023 թվականի օգոստոսին: Քննչականի հաղորդագրությունը չի մանրամասնում, թե ինչպես են նրան հասանելի դարձել 2024-ի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: