Մատչելիության հղումներ

Խուզարկություններ՝ Անդրանիկ Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի տներում և գրասենյակներում

Լրացված

Այսօր վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում քննչական գործողություններ են իրականացրել, որին ներկա է եղել նաևկուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը:

Թևանյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասաց. «Սա անհեթեթություն է: Նիկոլ Փաշինյան, ես ներկայացրել եմ, թե ինչ պետական դավաճանությամբ ես զբաղվել, և ես քեզ չեմ ներելու, էն ինչ-որ դու անում ես, ինձ պիտակավորում կպցնում: Մեղադրել ինձ՝ նման հանցագործության մեջ, չի ստացվելու: Բայց մենք քեզ շատ առարկայական մեղադրանքներ ներկայացնելու ենք՝ ոնց հանձնեցիր Արցախը, ինչի դիմաց...»:

«Մայր Հայաստանի» գրասենյակը խուզարկելուց հետո իրավապահները սկզբում թույլ չէին տալիս, որ Թևանյանն իր ոտքով քայլի քիչ հեռու գտնվող իր տուն։ ԱԱԾ աշխատակիցները պնդում էին, որ իրենց ավտոմեքենայով տանեն նրան, և միայն փաստաբանի և Թևանյանի դիմադրությունից հետո ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները թույլ տվեցին ոտքով հասնի տուն։

Քննչականի աշխատակիցները Թևանյանին դիմավորեցին նրա իսկ բնակարանում։ Սա այն դեպքում, երբ Թևանյանն ասաց՝ տանը ոչ մեկը չկա, բայց պարզվեց՝ իրավապահներն առանց Թևանյանի թույլտվության և առանց նրա, մուտք են գործել նրա բնակարան:

Թե ինչպես են մուտք գործել, իրավապահները չասացին, մինչդեռ Թևանյանի տուն տանող վերելակը կոդավորված է, կոդավորված է նաև շքամուտքի դուռը:

Օրերս «Մայր Հայաստանի» առաջնորդի բնակարան փորձել էին ներխուժել երկու հոգի։ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ բնակարան տանող վերելակը կոդավորված է և սպասարկում է միայն իր ու հարևանի բնակարանը։ Այդ ժամանակ նա դիմել էր ոստիկանություն, որը գողության և գույքը վնասելու կասկածանքով այդ երկու անձանց ձերբակալել էր ու հանձնել Քննչականին։ «Մայր Հայաստանի» վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ իրավունք ունեն ենթադրելու, որ այս դեպքն ու այսօրվա՝ քննիչների ու ԱԱԾ-ականների մուտքը Թևանյանի բնակարան ու վերելակ, կապ ունեն միմյանց հետ։

Երեկ Քննչական կոմիտեն հաղորդել էր ԲՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի առնչությամբ պետական դավաճանության և լրտեսության առերևույթ դեպքի առթիվ հարուցված վարույթի մասին: Ըստ ՔԿ-ի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը «2024-ի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ»:

Թևանյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր է դրել 2023 թվականի օգոստոսին: Քննչականի հաղորդագրությունը չի մանրամասնում, թե ինչպես են նրան հասանելի դարձել 2024-ի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները:

Իրեն առնչվող Քննչականի մեղադրանքը Թևանյանը հերքում է, պնդում, որ «տեղյակ չէ, թե այդ ինչ գումարների մասին է խոսքը և այդ ինչ տեղեկություն կարող էր փոխանցել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ-ն հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության մեղադրանքով քրեական գործ հարուցելու ակնկալիքով։

Դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ:

ԿԸՀ-ից «Ազատությանը» փոխանցեցին՝ ստացել են դատախազության միջնորդությունը: Այսօր ժամը 2:30-ին ԿԸՀ-ն դռնփակ նիստում կքննի դատախազության միջնորդությունը:

Հակակոռուպցիոն կոմիտեից էլ «Ազատությանը» հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում այսօր խուզարկություն է տեղի ունեցել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը, ինչպես նաև նախընտրական շտաբում: Կոմիտեն, սակայն, չի հայտնում, թե ինչ վարույթի շրջանակում է իրականացվում գործողությունը:

Մարտուն Գրիգորյանն այս տարվա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակով է մասնակցում: Նախօրեին նա ԲՀԿ առաջնորդի հետ միասին Շիրակում քարոզարշավի էր մասնակցում:

Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ասաց, թե իրավապահները «հիմնականում ընտրությունների հետ կապված կրիչներ, փաստաթղթեր էին փնտրում», հարցին թե՝ գտա՞ն, Գրիգորյանը պատասխանեց՝ «իհարկե, ոչ»:

«Սա տանում է նրան, որ քարոզարշավի մեր աշխատանքն այսօր պարալիզացվեց, խանգարելու, խոչընոտելու միջոց է»,- ասաց ԲՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Մարտուն Գրիգորյանը:

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է. «Քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից վերածվում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի։ Տեղի ունեցողը գնահատում ենք որպես նպատակային և համակարգված հարձակում ընդդիմադիր քաղաքական ուժի և պատգամավորության թեկնածուների դեմ՝ նախընտրական գործընթացների ամենաթեժ փուլում»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG