ԿԸՀ-ն իրավապահներից պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համար համաձայնություն ստանալու միջնորդություն չի ստացել, «Ազատությանը» փոխանցեց ԿԸՀ-ի խոսնակը։
Պատգամավորի թեկնածուն նախընտրական շրջանում ունի անձեռնմխելիություն։ Նրա նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն տալիս է հանձնաժողովը։
Երևանի «Մայր Հայաստանի» գրասենյակն իրավապահներն առավոտից խուզարկում են երեկ հարուցված պետական դավաճանության և լրտեսության հոդվածների շրջանակում։ Խուզարկությանը ներկա է նաև կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։
Երեկ Քննչական կոմիտեն հաղորդել էր պետական դավաճանության և լրտեսության առերևույթ դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ. «ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»:
Թևանյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր է դրել 2023 թվականի օգոստոսին: Քննչականի հաղորդագրությունը չի մանրամասնում, թե ինչպես են նրան հասանելի դարձել 2024-ի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: