Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե՝ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության մեղադրանքով քրեական գործ հարուցելու ակնկալիքով։
Անդրանիկ Թևանյանն, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, նշեց. «Թուրքիայի և Ադրբեջանի շահերին ծառայող ու պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ, սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, փրփուրներից է կախվում»:
«Փաստացի ինքը հրահանգներ է տալիս իրավապահներին ու ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորեն, ում դեմ գործ հարուցեն: Այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերի ռեժիմով», - ասաց Թևանյանը:
«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ հերքել էր, թե Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ վարչապետի թեկնածուն է:
Փաշինյանը Վանաձորում նաև անդրադարձավ Մարտի 1-ի գործին և նշեց. «Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով պետք է երկար տարիներով բանտ նստի»:
«Սամվել Կարապետյանը որպես փողեր լվացող, որպես մանկապարտեզից հոսանքի փողեր գողացող պետք է երկարի տարիներ բանտ նստի Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարեց նա:
Ավելի վաղ Փաշինյանը Մարգահովիտում ասել էր, որ կարևոր հայտարարություն է անելու, որը վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, նա մասնավորապես նշել էր, որ լրտեսության մեջ մեղադրվելու մասին փաստեր ունեն և կոնկրետ անուններ է նշելու։