Քննչական կոմիտեն հաղորդում է պետական դավաճանության և լրտեսության առերևույթ դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին:
Քննչական կոմիտեում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ «ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»:
ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ասված է հաղորդագրությունում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության մեղադրանքով քրեական գործ հարուցելու ակնկալիքով։
Ընդդիմադիր գործիչն «ապօրինի ցուցում» որակեց վարչապետի հայտարարությունը, պնդեց, թե «տեղյակ չէ» Փաշինյանի կոշտ մեղադրանքներից, և իր հերթին Փաշինյանին դավաճան անվանեց՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթը ստորագրելու համար:
Թևանյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր է դրել 2023 թվականի օգոստոսին: Քննչականի հաղորդագրությունը չի մանրամասնում, թե ինչպես են նրան հասանելի դարձել 2024-ի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: