Իրավապահները հասան Ծառուկյանի դղյակին, Առինջ մոլին

Կալանավորված Գագիկ Ծառուկյանը ողջունում է աջակիցներին, հուլիս, 2026թ.

Դատախազությունը հասել է կալանավորված Գագիկ Ծառուկյանի Առինջի դղյակին, որտեղ ապրում է գործարարի ընտանիքը։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության հայցը, որ պահանջում է անվավեր ճանաչել Առինջի առանձնատան հողատարածքի աճուրդը, որ 23 տարի առաջ է կայացել։

Մեկ այլ հայցով էլ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյաններին պատկանող Առինջ մոլի հողատարածքի աճուրդը։ Դա էլ 11 տարի առաջ է եղել։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին առանձնատնից ունեցվածքից զրկելու մասին վարչապետը սպառնում էր երկուսուկես ամիս առաջ՝ նախընտրական պայքարի օրերին։

«Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանից տները սկսել ենք արդեն վերադարձնել ժողովրդին», - հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասում եմ՝ Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը ոնց որ երկու բոթասից սկսել են, երկու բոթասի էլ ես իրանց հասցնելու եմ ձեր աջակցությամբ», - պնդում էր վարչապետը, - «Եվ ես ձեզ ասում եմ՝ մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանի էն սարի գլխին սարքած տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա»:

Անցած տարի Դատախազությունը Առինջի առանձնատան միջին շուկայական գինը շուրջ 1.8 միլիարդ դրամ էր գնահատել՝ այս պահի փոխարժեքով՝ մոտ 5 միլիոն դոլար։

Ծառուկյանի գույքի օրինականությունը Փաշինյանի Կառավարության օրոք ուսումնասիրում են դեռ 2023 թվականից։ Դատախազությունը պահանջում է Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 միլիարդ 400 միլիոն դրամ ու էլի գույք, միլիոններ, ընկերությունների բաժնեմասեր։ Այս գործով վերջին նիստը ապրիլին է եղել։ Դատարանի վերջնական որոշում դեռ չկա։

Ընդդիմադիր ուժի առաջնորդը, որ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, դեռ նախընտրական փուլում է արձագանքել Փաշինյանի սպառնալիքներին։

«Բոլորը արդեն հոգնել են ամեն ինչից, «խլելու ենք, վերցնելու ենք», - ասում էր ԲՀԿ առաջնորդը, - «Ես պատրաստ եմ ունեցվածքներ կորցնեմ, բայց իմ հայրենիքի, իմ ժողովրդի հետ ես չեմ փոխի։ Ասել եմ, մինչև վերջ էլ գնալու եմ»:

Նիկոլ Փաշինյանն իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստանում էր Ծառուկյանից վերցնել նաև «Արարատցեմենտ» գործարանը։ Գործարարին կալանավորելուց հետո այս ու մյուս՝ կոնյակի գործարանում Կառավարությունը կառավարիչներ է նշանակել։ «Մուլտի Վելնես» սպորտային համալիրն էլ անցել է քաղաքապետարանի կառավարմանը։ Օլիմպիական սպորտային համալիրի դռները դեռ կապարակնքված են։

Մինչ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ապօրինի կուտակած ունեցվածքն է վերադարձնում պետությանը, Գագիկ Ծառուկյանի թիմակիցները սա քաղաքական հետապնդում են համարում։ Նախկին պատգամավոր Արման Աբովյանը շեշտում է՝ Փաշինյանի նախընտրական հրապարակային սպառնալիքներն ու դրանց հաջորդած քրեական գործողություններն են փաստում՝ սա քաղաքական հաշվեհարդար է, ու, ըստ նրա, խլում են քաղաքական հակառակորդի գույքը։

«Ոչ մի իրավական պրոցես չկա, կա ընդամենը մեկ մարդու կամքով գործողություններ, որոնք լիովին տեղավորվում են քաղաքական հետապնդման տրամաբանության մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբովյանը:

«Այո խլում են, բա էլ ո՞նց է լինում, պոզով-պոչով է՞ լինում խլելը», - նշեց նախկին պատգամավորը՝ հավելելով. - «Ինձ համար շատ դժվար է քննարկել և ինձ համար շատ դժվար է հասկանալ մի գործընթաց, որը այնքան լկտի է իր էությամբ, որ նույնիսկ գնահատական տալ չի ստացվում, որովհետև նվազագույնը հայկական ավանդույթում քո ամենավաղեմի թշնամու ընտանիքին և տանը չեն կպնում»։

Որ հաշվեհարդար է ու ոչ թե իրավական գործընթաց, երևաց նաև 70-ամյա Ծառուկյանին ձերբակալելու օրը, երբ նա ընդառաջ էր գնում իր տուն մտած իրավապահներին, բայց ձերբակալեցին ուժով գետնին տապալելով, պնդում է ԲՀԿ-ական Աբովյանը։ Գույքի ծագման օրինականությունն էլ կարող էին քննել առանց կալանավորելու, ինչպես քննում էին դրանից առաջ, ասում է Աբովյանը։

«Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ ասել է, ասել է՝ «եկեք քննեք»։ Անազատության մեջ պահելը սա դասական կտտանքների կամ դասական ճնշման ձևաչափն է։ Եթե իրավական գործընթաց լիներ և մեղավորություն լիներ Ծառուկյանի, ապա ավելի քան համոզված եմ՝ շատ շուտվանից ինչ-որ գործեր կհարուցվեին», - պնդեց Արման Աբովյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը կալանավորվեց հուլիսի 7-ին՝ ընտրություններից ուղիղ մեկ ամիս անց։ Նրա առաջնորդած կուսակցությունը երկու ընտրատեղամասում քվեարկության արդյունքները չեղարկելու հետևանքով մի քանի տասնյակ ձայնով դուրս մնաց խորհրդարանից։ Փաստաբանները պնդում են, որ Ծառուկյանն ազատությունից զրկվել է ապօրինի, քաղաքական դրդապատճառով, ու արդեն դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Գործարարը մեղադրվում է իրանցի գործարարներից 21 միլիոն դոլարի գույք հափշտակելու և փողերի լվացման համար: Իսկ թե Առինջի տան գործով ի՞նչ քայլեր են անելու, փաստաբաններին այսօր լսել չհաջողվեց. այս գործով նրանք դեռ որևէ հայտարարություն չեն արել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի առանձնատան հողատարածքի գործարքները«Ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ». վարչապետը կրկին սպառնաց ընդդիմախոսներին«Ես պրոբլեմ եմ տեսնում, որ Ծառուկյանն այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ». Փաշինյան Ինչո՞ւ է Ծառուկյանի գույքը եկամուտ բերում «Երևան Վելնես»-ին. քաղաքապետարանն ընդունում է, որ «Մուլտի Վելնես»-ի շարժական գույքն իրենը չէ«Օլիմպավան»-ը փակ է. հավաքականի մարզիկներն աշխարհի առաջնությանը պատրաստվում են Հրազդանի կիրճումՁերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ ԱռուստամյանըԾառուկյանի «Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են վերաբացել ընկերությունները«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի կառավարիչ է նշանակվել Գարիկ Բոշյան«Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է, դարձել «Երևան Վելնես»«Արարատցեմենտ»-ի կառավարիչ է նշանակվել Դավիթ Գևորգյանը