Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով երեկ խաղաղության նոր առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին, հաղորդում է իրանական պետական IRNA գործակալությունը՝ առանց որևէ պաշտոնյայի հղում անելու: Նույնը հայտնում է Al Jazeera-ն՝ իրանցի դիվանագիտական աղբյուրին հղումով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նախորդ առաջարկը ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, չի ընդունել: Դրանով Իրանն առաջարկում էր շարունակել բանակցությունները, իսկ Թեհրանի միջուկային ծրագրի հարցը թողնել ապագային:
Այս ֆոնին Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի գործընկերների՝ Թուրքիայի, Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի արտգործնախարարների հետ։
Ըստ իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության, Աբբաս Արաղչին նրանց ներկայացրել է ԱՄՆ-Իսրայելի կողմից շարունակվող պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկներն ու դիրքորոշումները: Այլ մանրամասներ չեն հրապարակվել։
Մինչ այդ Իրանը սպառնացել էր «երկարատև և ցավոտ հարվածներով» պատասխանել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին, եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումները և վերահաստատի իր հավակնությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ:
Իրանի ավիատիեզերական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ աշխարհը տեսել է, թե ինչ տեղի ունեցավ տարածաշրջանում ամերիկյան բազաների հետ պատերազմի օրերին: «Նույնը տեղի կունենա նաև ձեր ռազմանավերի հետ»,- սպառնացել է Մաջիդ Մուսավին։
Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումն է՛լ ավելի կխորացնի Պարսից ծոցում մատակարարումների խափանումների հետ կապված խնդիրը և չի ծառայի իր նպատակին: Ծովային շրջափակում կամ սահմանափակումներ կիրառելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին և դատապարտված է ձախողման, նշել է Մասուդ Փեզեշքիանը:
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում ծովային շրջափակման անվան տակ, ռազմական գործողությունների ընդլայնում է պետության դեմ, որը պարզապես վճարում է իր անսասանության և անկախության գինը։ Այս անարդար մոտեցման շարունակումը անհանդուրժելի է», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պարսից ծոցի համար նոր գլուխ է բացվում առանց ԱՄՆ-ի. ԽամենեիԱմերիկյան Axios-ը գրում է, որ երեկ Կենտրոնական հրամանատարությունը նախագահ Թրամփին է ներկայացրել Իրանի դեմ հնարավոր նոր հարձակման ծրագիրը, եթե բանակցությունները ձախողվեն։
Զուգահեռ, լրանում է 60-օրյա ժամկետը, երբ ԱՄՆ նախագահն առանց Կոնգրեսի հավանության կարող է պատերազմ վարել։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ ապրիլի 8-ի հրադադարով պատերազմը փաստացի դադարել է նախքան այս ժամկետի լրանալը։
Դոնալդ Թրամփը դժգոհել է պատերազմ վարելու իր լիազորությունները սահմանափակելու Կոնգրեսի ջանքերից։ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահն ասել է, որ գուցե կարիք լինի վերսկսել ռազմական գործողությունները։ Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք չի նյարդայնացնում այն, որ գուցե խախտի հրադադարը՝ հաշվի առնելով, որ բանակցությունները փակուղում են, Իրանն էլ չի զիջում դիրքերը, ինչին Թրամփը պատասխանել է.
«Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ է հիմա բանակցվում, ինձնից և մի քանի այլ մարդուց բացի։ Իրանցիները շատ են ուզում գործարք կնքել։ Բայց խնդիր ունենք այստեղ, քանզի Իրանում ոչ ոք հաստատ չգիտի, թե ովքեր են իրենց առաջնորդները։ Նրանք սպանվել են»։
Երեկ ԱՄՆ Սենատում նաև լսումներ են կայացել Իրանի պատերազմի թեմայով։ Օրենսդիրները պաշտպանության նախարարին մեղադրել են Իրանի դեմ պատերազմի ծախսերի, ռազմական առաջընթացը չափազանցնելու, նաև խաղաղ բնակիչների թիրախավորելու համար։ Փիթ Հեգսեթը հերքել է բոլոր մեղադրանքները։
«Ի տարբերություն մեր հակառակորդների, արմատական իսլամիստների… ԱՄՆ զինված ուժերը երբեք չի թիրախավորում քաղաքացիական անձանց և պայմաններ է ստեղծում՝ ապահովելու համար, որ չվնասենք կամ չհարվածենք քաղաքացիական անձանց», - նշել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելը հայտարարում է՝ կարող է ստիպված լինել «կրկին գործել» Իրանի դեմՀեգսեթը երեկ ասել էր, թե պատերազմն ԱՄՆ-ին մոտ 25 մլրդ դոլար է արժեցել։ Իրանի արտգործնախարարն այսօր դա սուտ է անվանել՝ պնդելով, որ իրականում ծախսերը չորս անգամ ավելի են։ «Նեթանյահուի արկածախնդրությունը մինչ օրս Ամերիկային ուղղակիորեն 100 միլիարդ դոլար է արժեցել», - սոցցանցում գրել է Աբբաս Արաղչին՝ նշելով, որ անուղղակի ծախսերն է՛լ ավելի շատ են։
Այս ընթացքում Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում՝ թիրախավորելով Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները՝ 40-ը վերջին մեկ օրում։ Կան զոհեր։