ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո բենզինի գները կկրճատվեն:
Նավթի համաշխարհային գները ավելի վաղ հասել էին չորս տարվա ամենաբարձր մակարդակին՝ մեկ բարելի համար ավելի քան 126 դոլարի: Սա այն մտավախությունների պատճառով, որ հակամարտությունը կարող է հանգեցնել երկարատև ճգնաժամի։
ԱՄՆ-ում այժմ բենզինի միջին գինը կազմում է մոտ 4.27 դոլար մեկ գալոնի համար (մոտ 4 լիտրը): Ամենաթանկը Կալիֆոռնիայում է՝ 6.01 դոլար: Իրանի դեմ պատերազմից առաջ մեկ գալոնի գինը կազմում էր 2.96 դոլար: Մարտ-ապրիլ ամիսներին այն կազմել է միջինը 4 դոլար:
Փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսած ռազմական գործողությունները ԱՄՆ-ն և Իսրայելը դադարեցրին 40 օր անց՝ ապրիլի 8-ին: Այս ընթացքում բանակցություններ են ընթանում: Իրանի վերջին առաջարկին, որով Թեհրանն առաջարկում էր իր միջուկային ծրագրի հարցը թողնել ապագային և շարունակել բանակցությունները, ԱՄՆ-ն կարծես մերժել է:
Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի այնքան, մինչև Թեհրանը չհամաձայնի գործարքի, որը կփարատի ԱՄՆ մտահոգություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի գերագույն առաջնորդն էլ երեկ հայտարարել է, որ Պարսից Ծոցի և Հորմուզի նեղուցի համար նոր էջ է բացվում, որում ԱՄՆ-ն տեղ չունի: