Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ. ԱՄՆ հետախուզական ծառայություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ, արձանագրում է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը: Սպառնալիքների գնահատման՝ այսօր հրապարակված տարեկան զեկույցում կառույցն օրինակ է բերում Ադրբեջանի պահանջը՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը:

«Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը՝ հեռացնելու հղումը, որը, նրա խոսքով, ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ», - գրում է ամերիկյան հետախուզական ծառայությունը:

Միաժամանակ տարեկան զեկույցն արձանագրում է, որ օգոստոսին Վաշինգտոնի հովանավորությամբ Սպիտակ տանն անցկացված Խաղաղության գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի համար ստեղծել է հնարավորություն՝ հասնելու երկարատև խաղաղության համաձայնագրի և նպաստելու տարածաշրջանային կայունության աճին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը

Հետախուզական ծառայությունը, մասնավորապես, նկատում է, որ ամերիկյան կողմին հաջողվել է հասնել խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնության, ինչպես նաև հաստատվել է TRIPP նախագիծը, որը «կառավարվելու է ԱՄՆ-ի կողմից, և Հայաստանի հարավով անցնող ճանապարհով կապելու է Ադրբեջանն իր Նախիջևան էքսկլավի հետ՝ բացելով առևտրային հոսքեր երկու երկրների և ողջ տարածաշրջանի համար»:

Վաշինգտոնի գնահատմամբ, այս զարգացումները նշանակալի շրջադարձ են հայ-ադրբեջանական հարաբերություններում: Հետախուզական ծառայությունը հիշեցնում է, որ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերադարձրել է Լեռնային Ղարաբաղը «Երևանի աջակցությունը վայելող էթնիկ հայ բնակչությունից»:

«Օգոստոսի 8-ից հետո երկու կողմերն էլ, կարծես, պատրաստակամ են պահպանել գագաթնաժողովից ստացված դրական ընթացքը։ Սահմանային հրադադարի խախտումները կտրուկ նվազել են, այժմ գրեթե չկան», - փաստում է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը՝ հիշեցնելով նաև, որ Ադրբեջանը բենզին է մատակարարել Հայաստան, ինչպես նաև թույլատրել է ցորենի տարանցիկ փոխադրումները, իսկ վարչապետ Փաշինյանն իր հերթին փոխադարձ առաջարկ է արել նախագահ Ալիևին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակըԱյսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզվառելիքԻնչ է քննարկվել Հայաստան այցելած ադրբեջանցի փորձագետների հետ TRIPP նախագիծ, առևտրի մեկնարկ. ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում«Եթե նույնիսկ Լարսը փակվի, հեղուկ գազն ու բիտումը անխափան կմտնեն Հայաստան». Պապոյանը՝ հայ-ադրբեջանական նոր համաձայնության մասին