Անցած շաբաթավերջին Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների հետ հայկական պատվիրակությունը քննարկել է գերիների վերադարձից, հումանիտար տարբեր հարցերից մինչև բիզնես դաշտում հայ-ադրբեջանական համագործակցության հնարավորությունները։ 20-հոգանոց ադրբեջանական պատվիրակությունն արդեն հեռացել է Հայաստանից, իսկ հայ պատվիրակներն այսօր ամփոփել են երկօրյա համաժողովի արդյունքերը։
Քննարկումները, ըստ նրանց, կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի և ապագա զարգացման ուղիների վրա, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգի իրագործման և դրա տարածաշրջանային հետևանքների շուրջ։ Մասնակիցները փոխանակել են գնահատականներ փոփոխվող տարածաշրջանային անվտանգության միջավայրի և խաղաղության գործընթացի արդյունքում ձևավորվող տնտեսական հնարավորությունների վերաբերյալ։
Քննարկումներին մասնակցած Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանի խոսքով՝ մասնակիցները երկկողմ հումանիտար հարցերին են անդրադարձել, հայկական կողմը դարձյալ բարձրաձայնել է գերիների վերադարձի հարցը։
«Նորից եմ ուզում շեշտել, որ այս խումբը չունի իրավազորություն՝ որևէ կերպ ազդելու գործընթացների վրա, բայց ունի՝ հանրային կարծիք ձևավորելու, ուստի մենք հերթական անգամ փորձել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին բացատրել՝ ինչու ներկայիս խաղաղության գործընթացների տրամաբանության մեջ չի տեղավորվում գերիների առկայությունը Բաքվում», - ասաց Սուլթանյանը:
Ըստ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրենի՝ ադրբեջանական պատվիրակության անդամներն իրենց հերթին Բաքվին հուզող հարցերի են անդրադարձել. - «Օրինակ՝ ականների քարտեզները, 90-ականների պատերազմի ժամանակ անհայտ կորած ադրբեջանցիների հանգամանքը: Եվ մենք էլ, որքանով հասկանում եք, հստակ պատասխաններ չունենք, բայց գոնե փոխադարձ փորձում ենք հասկանալ և որոշ ինֆորմացիա ճշտել»:
Նույն օրերին, երբ Ծաղկաձորում հայ ու ադրբեջանցի փորձագետները քննարկում էին այդ թվում Բաքվում գերիների վերադարձի հնարավորությունները, France 24-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահը վերստին պնդեց՝ Ադրբեջանում բանտարկված Լեռնային Ղարաղաբի նախկին առաջնորդները չեն վերադարձվելու Երևանին։ 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը Ալիևը համեմատել էր նացիստական Գերմանիայի առաջնորդների հետ. - «Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ: Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, Նյուրնբերգյան դատավարությունից երկու ամիս անց ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին: Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ: Նրանց հանցանքները ավելի ծանր են, քան այն, ինչ արել են նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:
Անցած անգամ, ի դեպ, երբ հայկական պատվիրակությունն էր Ադրբեջանում, չնայած ցանկությանը, հայ փորձագետները չկարողացան տեսակցել Բաքվի բանտերում պահվող հայերին:
Այս անգամ ադրբեջանական պատվիրակության կազմում էին Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը, «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը, 1news.az առցանց հրատարակության գլխավոր խմբագիր Քամալա Մամեդովան և այլոք:
Ադրբեջանական պատվիրակության կազմում չէր աշնանը Երևանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ մեկ սեղանի շուրջ նստած Դիլարա Էֆենդիևան։ Նա շուրջ երեք տարի առաջ Լաչինի միջանցքը փակած ու արցախահայության շրջափակմանը սկիզբ դրած «էկոակտիվիստներից» մեկն էր: Հատկապես Էֆենդիևայի այցը Հայաստան մեծ աղմուկ էր բարձրացրել, հայկական կողմից հայտնել էին, որ միմյանց կազմերը նախապես չեն քննարկել:
Հումանիտար հարցերից զատ, հայ-ադրբեջանական «կլոր սեղանի» մասնակիցները նաև բիզնեսին առնչվող, անգամ ջրային ռեսուրսները կառավարելու հարցերի են անդրադարձել։
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ մասնավոր բիզնեսը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում հետաքրքրված են շուկաների առումով երկու երկրների, և ես կարող եմ իմ փորձից ասել, որ ոչ միայն առաջարկողներն են հետաքրքրված, այլ նաև սպառողներն են հետաքրքրված: Ես կարծում եմ, որ երկու երկրների արտադրանքը կարող է հետաքրքիր լինել նաև սպառողների համար, և այդ ուղղությամբ պետք է իհարկե մտածել՝ ինչպես մեր հարթակը և մեր հարթակում ծնվող նախաձեռնությունները կնպաստեն նաև տնտեսական ոլորտում համագործակցությանը», - ասաց Երևանի Մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը:
Երկրորդ անգամ Հայաստան եկած ադրբեջանական պատվիրակությունը ցամաքային սահմանով էր ժամանել, հայ-ադրբեջանական «կլոր սեղանը» նախաձեռնած «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փոխանցմամբ՝ ադրբեջանցի փորձագետները Տավուշ մտել էին հայկական Ոսկեպար և ադրբեջանական Աշաղը Ասկիպարա գյուղերի հարակից տարածքով: Նրանց մուտքի համար շարժական անցակետ էր տեղադրվել:
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը ֆինանսավորում են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները:
Ի դեպ, «կլոր սեղանի» մասնակից ադրբեջանցի պատվիրակների հետ նաև փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն են հանդիպել: