Այսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարով, հաղորդում է «Գազպրոմ Արմենիա»-ն:
«Բնական գազի փոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ ՌԴ տարածքում նշված գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված», - նշում է ընկերությունը:
Սեպտեմբերի 15-ին «Գազպրոմ Արմենիա»-ն իր հաղորդագրությունում ընդգծել էր, որ տասնօրյա դադարը սպառողների վրա չի ազդի․ Հայաստանում գազամատակարարումը կշարունակվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից ստացվող լրացուցիչ գազի հաշվին։
Հայաստանը բնական գազի հիմնական մասը շարունակում է ստանալ Ռուսաստանից, սակայն իշխանությունները վերջին շրջանում ավելի հաճախ են խոսում էներգակիրների մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին։
Ռուսական գազի գնի հնարավոր փոփոխությունն էլ վերջին ամիսներին քննարկման թեմա է դարձել։ Ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում սահմանին գործող գինը կարող է բարձրանալ։ Հայաստանի սպառողների համար, սակայն, սակագինը առնվազն մինչև տարեվերջ մնում է անփոփոխ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց 143.7 դրամ։