Մատչելիության հղումներ

Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի․ «Գազպրոմ Արմենիա»

Սեպտեմբերի 15-ից 25-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի, հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։

Ընկերության փոխանցմամբ՝ պատճառը Ռուսաստանի տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա նախատեսված պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներն են, իսկ տասնօրյա դադարը սպառողների վրա չի ազդի․ Հայաստանում գազամատակարարումը կշարունակվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից ստացվող լրացուցիչ գազի հաշվին։

Հայաստանը բնական գազի հիմնական մասը շարունակում է ստանալ Ռուսաստանից, սակայն իշխանությունները վերջին շրջանում ավելի հաճախ են խոսում էներգակիրների մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ եթե այլ երկրներից գազ ստանալու հնարավորություն լինի, Հայաստանը կօգտվի դրանից։

Ռուսական գազի գնի հնարավոր փոփոխությունն էլ վերջին ամիսներին քննարկման թեմա է դարձել։ Ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում սահմանին գործող գինը կարող է բարձրանալ։ Հայաստանի սպառողների համար, սակայն, սակագինը առնվազն մինչև տարեվերջ մնում է անփոփոխ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց 143.7 դրամ։


XS
SM
MD
LG