«Օլիմպավան»-ը փակ է. հավաքականի մարզիկներն աշխարհի առաջնությանը պատրաստվում են Հրազդանի կիրճում

Հայաստանի հավաքականի մարզիկները մենամարտերի աշխարհի առաջնությանը պատրաստվում են բետոնե եզրաքարերին պարապելով։ Հայաստանի հավաքականն 9 օրից մեկնելու է Աբու Դաբի։

Մարզիկները Հրազդանի Կիրճում են հավաքվել «Օլիմպավան»-ի փոխարեն։ Քննչական կոմիտեն չի բացում սպորտային համալիրի դռները, որ կապարակնքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու օրը։

Սպորտային համալիրը 13 տարի առաջ կառուցել է Գագիկ Ծառուկյանը։

Խառը մենամարտերի պատանիների աշխարհի առաջնությունն օգոստոսի 16-ից 23-ն է, ու Հայաստանի հավաքականը զրկված է մարզագույքով հագեցած համալիրում պատրաստվելու հնարավորությունից։ Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահը «Ազատության»-ը պատմել էր, որ այս պայմաններում լիարժեք մարզվել չեն կարողանում։

«Օլիմպավան»-ի դռները կապարակնքելուց հետո հավաքականը միասնաբար մարզվել չի կարող։ Հրազդանի ձորում են հավաքվում, խմբերի բաժանվում ու պարապում փոքր դահլիճներում, որ գտնում են մարզիչները, ասում է «Օլիմպավան»-ի մարզիչներից Էրիկ Օհանյանը. «Շաբաթը երկու օր այստեղ, շաբաթը երկու օր մեր հարազատ ընկերոջ դահլիճում, որտեղ մարզումներ ենք անում, բայց այդ դահլիճը ձյուդոյի դահլիճ է, այդ դահլիճում չկա սնարյադներ, իսկ «Օլիմպավան»-ում ամեն ինչը հագեցած էր ու ամեն ինչ ուներ»։

Նրա սաներից Հայկ Խաչատրյանն էլ է մասնակցելու առաջնությանը։ «Լավ կլիներ, որ միասնաբար պարապեինք ու անհրաժեշտ մարզագույքով», - դժգոհում է 13-ամյա մարզիկը։

Սպորտային համալիրը, որ մեկ տասնյակից ավելի մարզաձևերի ակումբներ ունի, մեկ ամիս է՝ չի գործում, հարյուրավոր սաներ են հաճախում, որ նախապես վճարել են ու հիմա չեն կարող պարապել։

Սկզբում փակ դռների մոտ էին մարզվում, նույնիսկ մարզագույքը թույլ չեն տվել համալիրից հանել։ «Օլիմպավան»-ի շուրջ 70 աշխատակից աշխատավարձ չի ստացել ու կատարյալ անորոշություն է։

«Օլիմպավան»-ի տնօրեն Իշխան Սեդրակյանն էլ տեղեկություն չունի՝ ի՞նչ է սպասվում իրենց. «Օլիմպավան»-ն ունի 70-ից ավելի աշխատակից, աշխատավարձը դե պարզ է չեն ստացել, վարկերը չեն մուծել, մեծ մասը վարձով են ապրում, դե մաքրուհիներ ունենք, որ վարձով են ապրում, խնդիրներ կան էլի»։

Մեկ ամիս է՝ մարզիկները, նրանց ծնողները, մարզիչները բողոքում, հորդորում են, որ պետական կառույցները թույլ տան իրենց շարունակել պարապմունքները, աշխատել, բայց նրանց լսող չկա։

Միայն «Օլիմպավան»-ը չէ, որ փակ է, Փաշինյանի իշխանության դեմ պայքարող գործարարի ձեռնարկությունների դռները կապարակնքվեցին նրան ազատությունից զրկելուց հետո։ Երկու ընկերությունում էլ այս մեկ ամսվա ընթացքում պետական կառավարիչներ նշանակվեցին։ «Մուլտի Վելնես» առողջարանային համալիրն էլ անցավ քաղաքապետարանին։

Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին սպառնում էր ունեզրկել նախընտրական քարոզարշավի օրերին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառուկյանին նոր մեղադրանք է ներկայացվել, նրա ընկերությունների 2 տնօրեններ կալանավորվել են Ձերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը«Սենց երկրում ես չեմ ուզում ապրեմ». Գագիկ Ծառուկյանի բիզնեսների աշխատողները՝ անորոշության մեջ«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի կառավարիչ է նշանակվել Գարիկ ԲոշյանԾառուկյանի «Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են վերաբացել ընկերությունները«Մուլտի Ուելնես»-ը վերաբացվել է նոր անվան ներքո