Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումը օգուտնե՞ր, թե՞ վտանգներ կբերի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե խաղաղության ճանապարհով ընթացող երկու երկրների էներգետիկ համակարգերը միանշանակ միանալու են՝ փոխադարձ հնարավորություններ ստեղծելով թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար:
«Թրամփի ուղով» էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցման հարցը վարչապետ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել էր դեռ անցած տարվա հոկտեմբերին՝ Կոպենհագենում:
Դեռևս, սակայն, հստակ չէ, թե երբ են կողմերը առարկայական քայլեր իրականացնելու այս ուղղությամբ:
«Այո, միանշանակ և աներկբա Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից», - երեկ Ազգային ժողովում ասաց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար. Նիկոլ ՓաշինյանԸնդդիմությունը, սակայն, այս ծրագրում վտանգներ է տեսնում:
«Սիրելի քաղաքացիներ, օքեյ ե՞ք մեր էներգետիկ համակարգի, այսինքն՝ լույսի ռուբիլնիկը տալ ադրբեջանցիներին: Ես օքեյ չեմ», - այսօր հայտարարեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Մամիջանյանը սա համեմատեց անգամ Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միմյանց միացնելու հետ. - «Կարող ա՞ մի օր էլ բանակները միացնի, կարող ա՞ ասի՝ օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար էկեք Հայաստանի և Ադրբեջանի զնված ուժերը միացնենք իրար: Նույն տրամաբանությունն ա, այսինքն ես հիմա պետք է բացատրե՞մ ինչ ստրատեգիական կարևորություն ունի էներգետիկ համակարգը, ինչքան վտանգավոր ա դա»:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի համոզմամբ՝ վտանգներ կարող են լինել, բայց դրանք կառավարելու համար անհրաժեշտ են փոխադարձ զսպման և վերահսկման մեխանիզմներ:
Տնտեսագետի խոսքով, Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը՝ աշխատելով տարածաշրջանի բոլոր երկրների հետ և նվազեցնելով կախվածությունը Իրանից, Ռուսաստանից և Վրաստանից: Բայց միաժամանակ չպետք է ամբողջությամբ կախվածության մեջ ընկնի Ադրբեջանից: Պարսյանը հիշեցնում է, թե ինչպես էր 80-ականներին Ադրբեջանը պարբերաբար պայթեցնում Հայաստան մտնող գազատարը՝ էներգետիկ լուրջ հետևանքներ առաջացնելով Երևանի համար:
«Այսինքն, մենք միայն Ադրբեջանից գազ կամ միայն Ադրբեջանից էլեկտրաէներգիա ներկրել չպետք է իրականացնենք, պետք է դիվերսիֆիկացնենք, այսինքն՝ որոշակի խմբաքանակ, եթե ձեռնտու լինի, համապատասխան պայմանների հետ, պետք է փորձենք նաև այդ ուղղությունից ներկրենք, բայց միաժամանակ պահպանելով Վրաստանի, Իրանի ուղղությունները», - «Ազատության» հետ զրույցում նշեց տնտեսագետը:
Ի՞նչ կարող են շահել Հայաստանն ու Ադրբեջանը էներգետիկ համակարգերի միավորումից: Սուրեն Պարսյանը հիշեցնում է, որ երկու երկրները դեռ խորհրդային տարիներից ունեին միմյանց հետ փոխկապակցված էլեկտրամատակարարման և գազամատակարարման համակարգեր:
Ավելին՝ այդ տարիներին հենց Հայաստանից էր էլեկտրաէներգիա և գազ մատակարարվում Նախիջևան: 90-ականներին արդեն՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին համակարգը դադարեց աշխատել, Նախիջևանը հայտնվեց էներգետիկ ճգնաժամի առջև և հետագայում սկսեց էլեկտրաէներգիա ստանալ Իրանից:
Տնտեսագետը նշում է, որ Հայաստանն այս պահին էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի և կարող է արտահանել Ադրբեջան ու մասնավորապես սահմանակից Նախիջևան: Այլ հարց է՝ արդյոք Ադրբեջանը կցանկանա՞ օգտվել Հայաստանի էներգետիկ համակարգից, թե՞ TRIPP ուղով պարզապես կկառուցի էլեկտրամատակարարման գծեր՝ Ադրբեջանից Նախիջևանին հոսանք մատակարարելով:
«Ինքը միգուցե ցանկանա ուղղակի՞ մատակարարում անի Ադրբեջանը Նախիջևան՝ TRIPP-ի տարածքով, դա էլ է տարբերակ, բայց կարծում եմ՝ Հայաստանը մոտ լինելով Նախիջևանին՝ կարող է ավելի էժան գներով էլեկտրաներգիա մատակարարել , քան Ադրբեջանը կմատակարարի», - ընդգծեց Սուրեն Պարսյանը:
Մինչ Երևանը հայտարարում է Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միավորման մասին, նախորդ տարվա վերջին Եվրամիությունը հայտարարեց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ Այդ նպատակով ԵՄ-ն «Կովկասի էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակում շուրջ 500 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանի էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար, աշխատելով նաև Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա: